Կանգնած ենք Տեղի մատույցներում մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ․ ԳՇ պետ |news.am|

news.am: Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական զորքը դուրս եկե՞լ է Տեղ գյուղի տարածքից կամ որքան է հեռացել, որքան տարածք ենք կորցրել:

Լրագրողների դիտարկմանը, որ ադրբեջանցի զինծառայողները մտնել են հայկական գյուղեր, նա ասաց. «Ոչ մի գյուղեր էլ չեն մտել»:

Հիշեցմանը, որ հասել են մինչև Սիսիանի գյուղեր, նա արձագանքեց. «Դուք ռազմական գործից ոչ մի բան չեք հասկանում, ռազմական գործի մեջ լինում են իրադրություններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է հայտնվել նաև մեր տարածքում, մեր ստորաբաժանումը հայտնվել իրենց տարածքում: Այս պարագայում կա համապատասխան գործողությունների սխեմա, մտահղացում, որի համաձայն գործում ենք»:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ ադրբեջանցիներին ոչ թե ԶՈՒ ստորաբաժանումներն են բացահայտել ու բռնել, այլ քաղաքացիները, Ասրյանն ասաց. «Այդ հարցերը, որ տալիս եք, արդեն ճիշտ ուղղվածություն չունի: Ինչպես կարող է մտնե՞լ, դուք ինչպես եք հիմա իմ հետևից մտնում իմ ճանապարհն ու փակում: Ես ադրբեջանցիների հետ չեմ համեմատում, մարդու հետ եմ համեմատում, որ մարդ ամեն տեղով կարողանում է քայլել»:

Հարցին, թե քանի կիլոմետր են ադրբեջանցիները առաջ եկել Տեղ գյուղի հատվածում, ԳՇ պետը պատասխանեց. «Կիլոմետր, հեկտար, այդպիսի հարցեր զինվորականին մի տվեք, զինվորականն ունի հենակետ, շրջան, դիրք: Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, թե ինչքան ենք տարել, ինչքան ենք բերել, պաշտոնական լրահոսին հետևեք: [Ադրբեջանցիները] տեղակայված են մեր ստորաբաժանումների, բնագծերի դիրքերի դիմաց»:

 

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով