amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ, ինչի հետևանքով հայկական կողմում վիրավորվել են երկու օտարերկրացիներ։
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը «Twitter»-ում, մասնավորապես, գրել է․ «Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առնչվող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից։ Վերահաստատում ենք սահմանների երկայնքով զսպվածության պահպանման մեր կոչը, քանի որ կողմերը աշխատում են երկարատև և հավասարակշռված խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ-ի հաղոդրմամաբ՝ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ, ինչի առթիվ ՀՀ ՔԿ-ում վարույթ է հարուցվել:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:
Հունիսի 14-ին, ՊՆ-ից կրկին հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: