Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5 ամսում երկու շատ կարևոր իրադարձություն ունենալ. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում, որոնք տեղի են ունեցել վերջին 5 ամսում:

Փաշինյանն այս մասին խոսեց Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

Վարչապետը նկատեց՝ ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ պնդելով, որ խաղաղության օրակարգը մնում է միայն խոսքի մակարդակում, իսկ իրականում լինում են կրակոցներ և զոհեր:

«Ես ուզում եմ ընդգծել, որ վերջին 5 ամսում մեզ հաջողվել է 2 շատ խոշոր իրադարձություն ունենալ խաղաղության օրակարգի հարցում: Մեկը 32 գերիների ազատ արձակումն է: Ցավոք, մենք ոչ բոլոր գերիներին ենք վերադարձրել, բայց սա շատ խոշոր իրադարձություն է»,– ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա իրենց պարտականությունն է, ամեն ինչ կանեն, որ գերեվարված բոլոր հայրենակիցները վերադառնան:

Փաշինյանը որպես երկրորդ կարևոր իրադարձություն նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը:

Նա այս պայմանավորվածությունը համարեց  Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր ակտ, որի քաղաքական նշանակությունը պետք է գնահատել:

Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Փաշինյանը հավելեց, որ այն առարկայանալու, միս ու արյուն ստանալու շանս է ստանում, սակայն հեշտ չի լինելու: Սահմանազատման գործընթացում անխուսափելիորեն հարցեր ծագելու են, և դրանք լուծելու քաղաքական կամք պետք է լինի:

Նա նշեց, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հետ կապված որոշակի խնդիրներ են ծագել, ճանապարհի հարց պետք է լուծեն: Վարչապետը չբացառեց, որ մի քանի տների հարց լուծելու անհրաժեշտություն ևս լինի: 

Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։

Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով