hetq.am: Մի քանի օր է՝ ուսանողները հավաքվում են Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի դիմաց՝ պահանջելով իրենց փաստաթղթերը: Ազգությամբ հնդիկ Ուտկաշ Արյան այդ ուսանողներից մեկն է: Նա սովորում է ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետում: Ավարտական կուրսի ուսանող է, և հայտնվել է անելանելի դրության մեջ: Ուտկաշն ավարտելուց հետո պետք է վերադառնար Հնդկաստան, սակայն չի կարող ավարտական փաստաթուղթ ստանալ, քանի որ համալսարանը զրկվել է լիցենզիայից:
Համալսարանը լիցենզիայից զրկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար 2022թ. փետրվարի 18-ի հրամանով՝ մի շարք պահանջներ չբավարարելու պատճառաբանությամբ:
Վահրամ Դումանյանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիայից զրկելու իր հրամանը պատճառաբանել է այն հանգամանքով, որ համալսարանը թույլ է տվել պարտադիր պայմանների և պահանջների խախտումներ: Մասնավորապես՝ անհամապատասխանություններ են արձանագրվել պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության, ուսումնամեթոդական ապահովության, ուսումնական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման պահանջներին:
Նախարարը հանձնարարել է նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու ուղղությամբ՝ նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:
Ստեղծված վիճակում անելանելի վիճակում են հատկապես ավարտական կուրսերի ուսանողները: Նրանց ավարտելուն 3-4 ամիս էր մնացել, և համալսարանը զրկվում է լիցենզիայից: Թե քանի ուսանող է տուժել համալսարանին լիցենզիայի զրկելու գործընթացից՝ հայտնի չէ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից խորհուրդ են տալիս ուսանողների թվի վերաբերյալ տեղեկություն ստանալ համալսարանից: Իսկ համալսարանից հեռախոսազանգերին պատասխանող չկա:
Այսօր եղել ենք նաև Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում, սակայն պարզաբանում ստանալ այդպես էլ չհաջողվեց: Անվտանգության աշխատակիցները պարզապես թույլ չտվեցին առաջին հարկից վերև բարձրանալ:
Բակում հավաքված էին մի քանի հնդիկ ուսանողներ: Վերջիններս փոխանցեցին, որ տուժածների թվում մոտ 120 հնդիկ ուսանող կա, սակայն ընդհանուր ուսանողների թվից տեղեկություն չունեին:
Շարունակությունը՝ hetq.am-ում