Լիտվան պատրաստ կլինի, եթե Ռուսաստանը նրան անջատի տարածաշրջանային էլեկտրացանցից՝ ի պատասխան ՌԴ մյուս շրջաններից Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ ռուսական որոշ ապրանքների տարանցման արգելքին, սակայն ռազմական առճակատում չի ակնկալվում, ասել է երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան Reuters-ին։
«Մենք պատրաստ ենք և նախապատրաստվել ենք Ռուսաստանի [պատասխան] գործողություններին, օրինակ՝ ԲՌԷԼԼ համակարգից (էլեկտրացանց – խմբ․) մեզ անջատելուն և այլ քայլերին», — հայտարարել է նա։
Այս հայտարարությունը հաջորդել է Կրեմլի նախազգուշացմանը, որ Մոսկվան միջոցներ է ձեռնարկելու՝ ի պատասխան Լիտվայի արգելքի։
Այն մասին, որ Ռուսաստանի մյուս շրջաններից բեռների տարանցումը դեպի Կալինինգրադի շրջան զգալիորեն կրճատվելու է Լիտվայի իշխանության կողմից, հայտնի է դարձել նախորդ շաբաթ։ Կալինինգրադի շրջանի ղեկավար Անտոն Ալիխանովի խոսքով՝ դա վերաբերում է տարանցիկ ապրանքների 40-50%-ին։ Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք հայտնվել են Ռուսաստանի դեմ ԵՄ կիրառած պատժամիջոցների ցանկում։
Նորա Վանյան