armenpress.am: Եվրամիությունը դեռ Լեհաստանին չի փոխանցել այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Լեհաստանի տարածքում գտնվող Ուկրաինացի փախստականներին օգնելու համար։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը։
«Ուկրաինացի փախստականների ծախսերը, որոնք մենք կրում ենք, հաշվարկված են միլիարդներով, ոչ թե միլիոնավոր եվրոներով: Հետևաբար, ԵՄ օգնությունը փախստականներին օգնող երկրներին նույնպես պետք է տրվի միլիարդներով, ոչ թե միլիոնավոր եվրոներով», – ասել է նա:
Շեֆերնակերի խոսքով՝ երեք ամիս առաջ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ 144,6 մլն եվրո է հատկացնում Լեհաստանին՝ ուկրաինացի փախստականներին օգնելու համար, սակայն Վարշավան դեռ չի ստացել այդ գումարը։ Նա բացատրել է, որ Լեհաստանի կառավարությունը չի կարող փախստականներին օգնել ԵՄ-ի միջոցներից, որոնք երկիրը ստանում է նպատակային ծրագրերի համար։
«Մենք չենք կարող նրանց վերաուղղորդել փախստականներին օգնելու համար, քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք հրաժարվել պլանավորված ծրագրերից: Եվ այն միջոցները, որոնք ԵՄ-ն հատկացնում է միգրացիոն հիմնադրամներից, իսպառ բացակայում են», – ասել է ՆԳՆ փոխնախարարը: