1lurer.am: Աշխատանքային այցով Բաքու ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Բաքվում կկայանա նաև Լավրովի հանդիպումն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
«Ռուսաստանի արտգործնախարարի այցը համընկնում է անցյալ տարի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Լավրովը կքննարկի երկկողմ հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն կդարձնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ալիևը ՌԴ ԱԳ հանդիպման ընթացքում ընդգծել է ՌԴ առանձնահատուկ դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցում։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը, որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան երկիր, առանձնահատուկ դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջկառավարական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու առումով»,- ասել է Ալիևը` շնորհակալություն հայտնելով ՌԴ-ին այդ գործընթացին ակտիվ մասնակցության համար:
Ալիևը նաև հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման առումով 2023-ը բեկումնային կլինի: