armenpress.am: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- փոխանցեցին փոխվարչապետի գրասենյակից:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։
Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:
Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։