Իրանի դեսպանը ողջունել է Մեղրիում ՀՀ ոստիկանության համացանցի միջոցով թմրաշրջանառության պայքարի ստորաբաժանման ստեղծումը

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը նոյեմբերի 9-ին  ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունն իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականին Իրանի ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա։

«ՀՀ ոստիկանության պետը խոսեց թմրամիջոցների դեմ պայքարի մասին։ Նա նշեց, որ քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է նոր վարչություն, որի հիմնական գործառույթն է սոցցանցերում և տեղեկատվական հարթակներում ապօրինի թմրաշրջանառության դեպքերի կանխումն ու բացահայտումը։ Վահե Ղազարյանը շեշտեց, որ այդ վարչության կազմում նախատեսվում է ստեղծել բաժանմունք, որը տեղակայված կլինի Մեղրիում։

ՀՀ ոստիկանության պետը խոսեց նաև համագործակցության մյուս ուղղությունների մասին և մատնանշեց այս տարի Հայաստանում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտման մասին, որի աշխատանքներին ներգրավված են եղել նաև Իրանի իրավապահներն ու դեսպանատունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Աբբաս Բադախշան Զոհուրին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է  հայ-իրանական սերտ հարաբերությունները, որոնք օրըստօրե ավելի են զարգանում։ Ողջունելով Մեղրիում ոստիկանական մասնագիտական ստորաբաժանման ստեղծումը՝ նա նշել է, որ այն առավել կբարձրացնի անվտանգության մակարդակը սահմանին, և այդ ուղղությամբ հայտնել է իրանական կողմի աջակցությունը։

Նշվում է, որ դեսպանը խոսել է նաև թմրամիջոցների և ահաբեկչության դեմ Իրանի իրավապահների պայքարի մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով