hy.armradio.am։ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի պայմաններին, հուլիսի 1-ին Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իմ ներկայացուցիչները երկար և արդյունավետ հանդիպում են ունեցել իսրայելցիների հետ Գազայի հարցով: Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի պարտադիր պայմաններին, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար», — ասել է ամերիկացի առաջնորդը:
Նրա խոսքով՝ Եգիպտոսը և Կատարը կներկայացնեն հակամարտության լուծման «վերջնական առաջարկը»: Թրամփը հույս է հայտնել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը նույնպես համաձայնություն կտա հրադադարի պայմաններին:
Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ խախտելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը: Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ մի քանի փուլով բանակցություններից հետո հակամարտության կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նոր համաձայնագրի պայմանների շուրջ։