«Ինչ կարգի թույն է եղել, որ միանգամից պարալիզացրել է թոքերը»․ հրդեհից զոհվածների ծնողները արդար քննություն են պահանջում |hetq.am|

hetq.am: Չի բացառվում, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում, նախնական տվաներով` հրդեհից մահացած 15 զինծառայողների իրավահաջորդների կողմից միջնորդություն ներկայացվի՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա ասաց, որ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններն ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ տվել, և ստացված եզրակացությունները հակասում են գործի փաստական հանգամանքներին։

«Հարկ է ստանալ այն հարցի պատասխանը, թե ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազն ինչպե՞ս է թափանցել զինծառայողների ննջասենյակ։ Ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում»,- հարցնում է փաստաբանը։ 

Նրա խոսքով՝ եթե պաշտոնական վարկածով պնդում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործումից առաջացած բոցից, ապա կրկին հարց է առաջանում՝ ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, այն երբվանի՞ց է առաջացել, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ միջոցների կրառման հետևանքով, և հրդեհից առաջ ի՞նչ իրավիճակ է տիրել այդ տարածքում։

«Ավելին՝ եթե եզրակացություններով պնդում է արվում, որ զինծառայողները ջերմային այրվածքները ստացել են կենդանության օրոք, ապա ինչպե՞ս բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնար միջոցներ ձեռնարկել՝ այդ տարածքից դուրս գալու համար և գտնվել են իրենց մահճակալների վրա»,- ասաց Նորիկյանը։

Նա նշեց, որ դեպքի վերաբերյալ փաստաբանական հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, և 8 հարցերից միայն 2-ի պատասխանները չի ստացել, որոնք եղել են ռազմավարական բնույթի։ Նորիկյանը հարցում է ուղարկել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն որևէ արձագանք չի ստացել։

«Պաշտպանության նախարարությունն իր վարքագծով առնվազն տարակուսանք է առաջացնում։ Կարելի էր թեկուզ որևէ ձևով արձագանքել՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները»,- ասաց նա։

Ասուլիսի ավարտին խոսեցին նաև մահացած զինծառայողների ծնողները։ Նրանք իրենց դժգոհությունը հայտնեցին պատասխանատու մարմիններից՝ նշելով հետևյալը․ «Էսօր ինչ խոսում են մեզ հետ, ոչ փաստացի է»։

Նրանց համար կասկածելի է, թե վառարանն ինչ քանակությամբ շմոլ գազ կարող էր արտադրել, որ թունավորվեին զինվորները։ Զոհվածներից մյուսի հայրն էլ հավելում է, որ ստացված 10 դիերի դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն էլ նույնն են եղել, և զինվորներից մեկի դատաբժիշկը մանրամասնել է, որ թոքերը 2-ից 3 անգամ են հասցրել կծկվել, ապա՝ զինվորը մահացել է։ «Եթե թունավոր մասը մինչև թոքերի հատակ չի հասել, ուրեմն ինչ կարգի թույն է եղել, որ միանգամից պարալիզացրել է թոքերը»,- ասում է հայրը։

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով