Ինչո՞ւ են 2019-2020-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը նվազել. Փաշինյանը հանձնարարեց զբաղվել նախկին պաշտոնյայով |news.am|

news.am: Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստում «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանը» քննարկելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Նա հիշեցրեց, որ 2021թ–ին կառավարությունը մասնաբաժին է ստացել Հայաստանի թիվ մեկ հանքարդյունաբերական ընկերությունում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

«Ուզում եմ արձանագրել, որ ԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Օրինակ 2016-ին ԶՊՄԿ–ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023-ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն` առաջին եռամսյակում 2 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016-ին միասին վերցրած»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այդ վիճակագրության մեջ մեծ դերակատարում ունեն պղնձի միջազգային գները։

«2017-ին ընկերությունը վճարել է 18,6 մլրդ դրամի հարկ, 2018-ին արդեն ԶՊՄԿ-ի վճարծ հարկերը դարձել են 50,2 մլրդ դրամ, մոտ 3 անգամ աճ են արանագրել: Հետաքրքիր է, որ 2019 և 2020թթ-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել: Ինչի՞ հետ սա կարող է կապված լինել։ Հիմա, երբ մենք հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019թ–ին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի կոմբինատում։

2019-ին այդ իշխանության բարձրաստիճան ներկյացուցչին ազատել ենք իր պաշտոնից, 2020-ին էլ քովիդի և պատերազմի պատճառով ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու այդ թեմայով։ Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները այդ դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն։

Հետո 2021-ին արդեն ԶՊՄԿ–ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 2022-ին Կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2013-2017 թվականներին միասին վերցրած:

«2013-2017 թթ ԶՊՄԿ-ն վճարել է 105 մլրդ դրամի հարկ, իսկ 2018-2022 թթ վճարել է 345 մլրդ դրամի հարկ, աճը կազմել է 228 տոկոս»,-ասասց վարչապետը:

Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։ ՀՀ-ն հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն երբևէ չի ունեցել։

Հիշեցնենք` 2022 թվականի օգոստոսի 25-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց, որ ՀՀ-ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս, ինչը կազմում է կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը, դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Գործադիրը որոշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով