Ի՞նչ կտա ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը ԼՂ-ի բռնի տեղահանվածներին․ ՆԳՆ փոխնախարարը մանրամասնում է |armenpress.am|

armenpress.am:  Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ Հայաստանում և ՀՀ տարածքից դուրս։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները  «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ըստ էության ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից։ Ըստ այդմ գտնվում են միջազգային պաշտպանության ներքո՝ թե ՀՀ-ում, թե Հայաստանի տարածքից դուրս։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կառավարության կողմից տրվել է 1 տարի ժամկետով։ Իհարկե, երկարաձգման հնարավորությունը ևս նախատեսված է կառավարության որոշման շրջանակներում»,-մանրամասնել է Սարգսյանը՝ նշելով, որ կառավարության որոշումը նաև հստակեցնում է, թե ո՞ր սուբյեկտներին է տրվում նման կարգավիճակ։

«Որոշումն առանձնացնում է 3 խումբ անձանց․ առաջին խմբի ներքո ներառվում են այն անձինք, որոնք այս պահի դրությամբ հաշվառված են ԼՂ-ի բնակչության ռեգիստրում։ Երկրորդ խումբ անձինք նրանք են, ովքեր թեև հաշվառում չունեն, սակայն նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, և նաև նրանք, ովքեր հաշվառված չեն ԼՂ բնակչության ռեգիստրում,սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում»,-հավելել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ բացառություն են կազմում այն անձինք, ովքեր արդեն ունեն այլ պետության քաղաքացիություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով