Թմրանյութի փոխանցման փորձի համար «Վանաձոր» ՔԿՀ-ի 2 ծառայողներ ձերբակալվել են նույն հիմնարկի ծառայողների կողմից

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելով, կանխել են քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ արգելված իրերի ապօրինի շրջանառության և փոխանցման դեպք։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Մասնավորապես՝ 2023թ․ նոյեմբերի 4-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի մուտքի դիմաց հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ ենթասպա Հ․ Ե․-ին հիմնարկ մուտք գործելիս ենթարկել են անձնական զննության։ Վերջինս հիմնարկ էր ժամանել անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ Հ․Դ․-ին պատկանող Opel մակնիշի մեքենայով։ Ավագ ենթասպա Հ․ Ե․-ն, նկատելով օպերատիվ բաժնի ծառայողներին և զգուշանալով հնարավոր զննությունից, մինչ անձնագրային կետ մտնելը, անմիջապես իջել է մեքենայից և բացել ետևի աջ դուռը նստատեղին դրված փաթեթով սնունդը վերցնելու պատրվակով և այդ ընթացքում գրպանից հանելով կասկածելի իր՝ նետել այն մեքենայի ռետինե գորգի կողային մասում։

Նույն պահին օպերատիվ բաժնի ծառայողների կողմից դադարեցվել են Հ․ Ե․-ի բոլոր գործողությունները։ Այնուհետև հրավիրված ընթերականների ներկայությամբ կատարվել է մեքենայի զննություն, որի արդյունքում վերոնշյալ հատվածից հայտնաբերվել է էլեկտրոնային ծխախոտի առանձնացված հատված, որում առկա է եղել բաց դարչնագույն, հաշիշի յուղի նմանվող, կասկածելի հոտով զանգված։ Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ, և Հ․ Դ․-ի համաձայնությամբ վերջինիս մեքենան կնքվել է։

«Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներ Հ․ Ե․-ն և Հ․ Դ․-ն, սահմանված կարգի համաձայն, ենթարկվել են նաև անձնական խուզարկության, իսկ կատարվածի կապակցությամբ հրաժարվել են որևէ հայտարարություն անել։

Վերոնշյալ ծառայողները ձերբակալվել են և համապատասխան ուղեկցությամբ տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 396 հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով