Թեհրանն արձագանքել է Բաքվի բողոքներին |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի բողոքներին՝ երկու երկրների պետական սահմանի երկայնքով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ կապված։ Մասնավորապես, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ դա եղել է սովորական թռիչք, որը պարբերաբար իրականացվում է Իրանի սահմանային տարածքների և երկրի ներսում մոնիթորինգի շրջանակում, գրում է Mehr գործակալությունը։

«Նման թռիչքներ նախկինում էլ են իրականացվել։ Ճշգրիտ տվյալների հիման վրա ինքնաթիռի թռիչքը տեղի է ունեցել ընդհանուր սահմանին զուգահեռ և Իրանի տարածքում՝ ադրբեջանական կողմի սահմանից համապատասխան հեռավորությամբ։ Երբ տեղի են ունենում միջադեպեր ու տեխնիակական սխալներ, սովորաբար ռադարներն ու պաշտպանական համակարգերն անհրաժեշտ նախազգուշացումներ են տալիս»,- ասել է Քանանին։

Նա հավելել է, որ իրանական ռազմական ինքնաթիռի այս թռիչքի հետ կապված որևէ ռադարային կամ ռադիոնախազգուշացում չի տրվել, ինչը վկայում է այն մասին, որ սխալ թույլ չի տրվել։

«Մենք համագործակցում ենք Ադրբեջանի հետ այս ոլորտում, ինչպես նաև պաշտպանության ոլորտում։ Մենք հարաբերություններ ունենք, մեր դեսպանատունն ակտիվ է, մեր ռազմական կցորդը ներկա է: Եթե այս առումով բարի կամք լիներ, ապա մեր ռազմական կցորդի մասնակցությամբ հարցը կարող էր արծարծվել մեր երկրի դեսպանատան հետ, նույն շրջանակում կարծիքներ կփոխանակվեին, թյուրիմացությունները կհարթվեին»,- նշել է իրանցի դիվանագետը։

Ըստ նրա՝ Թեհրանը չի կարող Իրանին դեսպանին ԱԳՆ կանչելու՝ Ադրբեջանի իշխանությունների քայլը համարել որպես բարեխիղճ գործողություն։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ մարտի 11-ին Իրանին պատկանող ռազմական ինքնաթիռը այսօր կես ժամից ավել շարունակաբար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ նշելով, որ «Իրանի ռազմական ինքնաթիռի այդքան մոտ գտնվելը երկու երկրների պետական սահմանին և սահմանային գծի վրայով թռիչքը սպառնում են քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը և ծառայում են երկու երկրների հարաբերությունների էլ ավելի լարմանը»։ Դեպքի առնչությամբ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։

Շարունակությունը՝ factor.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով