azatutyun.am: Թեհրանը ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը կալանավորներին ազատ արձակելու վերաբերյալ, ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասսեր Քանաանին։
Իրանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը «դրական իրադարձություն» է։
«Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել խաղաղության լեզուն և վստահության մթնոլորտը տարածաշրջանի երկրների միջև, և մենք հուսով ենք, որ այդ միջոցառումների շնորհիվ կողմերին կհաջողվի հասնել խաղաղության և կայունության։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել երկու կողմին հանուն տարածաշրջանային խաղաղության և անվտանգության»,- հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: