Ըստ ՏԿԵՆ-ի՝ Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը սահմանային փոփոխությունների ռիսկ է առաջացնում |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) մտադիր է արգելել սահմանամերձ գետերի հուներից ավազի արդյունահանումը, քանի որ այն սահմանային փոփոխությունների ռիսկեր է պարունակում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Ընդերքի մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետևանքով առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր, և առաջացել է այդ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն:

Առաջարկվում է սահմանամերձ գետերի հուներից արդյունահանում իրականացնելու դեպքում ընդերքօգտագործողին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, այսինքն՝ 5 միլիոն դրամով, իսկ նույն տարվա ընթացքում ավազի արդյունահանման դեպքի կրկնվելու դեպքում դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքիը։ ՏԿԵՆ-ը վարչական պատասխանատվության այս սահմանաչափերը որոշել է՝ հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության առաջարկությունները։

Արաքսը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է, որի երկարությունը 1072 կիլոմետր է։ Այն անդրսահմանային գետ է Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Իրանի միջև։

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով