Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային առկա զարգացումներին և հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վտանգներին։
«Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Ռատասն անթույլատրելի է որակել հումանիտար աղետի սպառնալիքը և շեշտել, որ Լաչինի մարդասիրական միջանցքը և ընդհանրապես որևէ հումանիտար միջանցք չի կարող շրջափակված մնալ և վտանգել հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ռիյգիկոգուի նախագահը, ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի, անդրադարձել է նաև Շուշի կատարած իր այցելությանը և նշել, որ նպատակ է ունեցել զուտ տեղում ծանոթանալ ընդհանուր իրավիճակին: Նա նշել է՝ Էստոնիան իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին։
Հիշեցնենք, որ Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասը Շուշի է այցելել 2022թ․ մայիսի 24-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էստոնիայի խորհրդարանի խոսնակին ներկայացվել էին «քաղաքի պաատմությունը, Շուշիում իրականացվող վերականգնողական աշխատանքները»։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Էստոնիայի դեսպանի հետ 2022թ․ հուլիսի 8-ին ունեցած հանդիպմանը ծայրահեղ մտահոգիչ էր որակել Ռատասի այցը Շուշի։
ՀՀ նախագահի լրատվության բաժնից նաև հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական համագործակցության ներուժի և հնարավորությունների կյանքի կոչմանը թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ու սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտներում։
Վահագն Խաչատուրյանը և Յուրի Ռատասն առանձնահատուկ կարևորել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության զարգացումը»,-