civilnet.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արտահանողներին փոխհատուցում տրամադրել՝ ներմուծվող երկրի օրենսդրությամբ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի գումարի չափով։ Համապատասխան որոշման նախագիծը գերատեսչությունը ներկայացրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
«Առաջարկվող նախագիծը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել ՀՀ ծագում ունեցող ապրանք և ստանալ փոխհատուցում՝ ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկիր ապրանքի համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ»,- ասված է նախագծում։
Հիմնավորումներում նշվում է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունն առաջացել է՝ «հաշվի առնելով Հայաստանից ապրանքների արտահանման հետ կապված առաջ եկած բարդությունները (պայմանավորված եղանակային խնդիրներով ու տրանսպորտային պոտենցիալի նվազմամբ) և դրանց արդյունքում ապրանքների տեղափոխման ծախսերի շեշտակի բարձրացումը»։
Նախարարությունից կարծում են, որ առաջարկվող փոփոխությունը նաև երկարաժամկետ մրցունակության տեսանկյունից հնարավորություն կտա ապահովել միջազգային շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքների ներկայացվածությունը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։