Էդգար Ղազարյանը հայտնում է, որ Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը վիճարկելու է դատական կարգով․
«Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի անունից կայացրած հակասահմանադրական և անօրինական որոշումն առաջիկայում իմ կողմից վիճարկելու է դատական կարգով։
Խուլիգանների և դավաճանների, նրանց ապօրինությունների դեմ պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր միջոցներով և հասնելու է իր տրամաբանական հանգրվանին»,- գրել է Ղազարյանը։
Ավելի վաղ Ղազարյանը նշել էր, որ Մանասյանը չի կարող առաջադրվել ՄԻՊ-ի պաշտոնում քանի որ առաջադրվելով խախտվել են Սահմանադրությունը և Մարդու իրավունքների պաշտպանության մասին սահմանադրական օրենքը, ինչպես նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքը։
Նշենք, որ ԱԺ-ն այսօր 69 կողմ 0 դեմ ձայներով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Անահիտ Մանասյանին:
Հիշեցնենք, որ ՄԻՊ նախկին պատոնակատար Քրիտինե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2023 թվականի հունվարի 23-ին, ինչից հետո ՄԻՊ պաշտոնը մինչև այժմ թափուր էր։
Ավելի ուշ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրեցին Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրեց Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։
Ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին առաջարկեց ՔՊ-ի կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածությունը՝ հավանություն չտալով Էդգար Ղազարյանի թեկնածությանը։