armenpress.am: Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցի հ.23/13 շենքի հ.4՝ 92.3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի հունա-հռոմեական ոճի 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին:
Որոշումը քվեարկության դրվեց Երևանի ավագանու նիստում:
Որոշման նախագծի համաձայն` Մալխաս Ամոյանը իր ծնողների, եղբոր և քրոջ հետ բնակվում է Քրիստափորի փողոցի հ. 154/2 հասցեում գտնվող 67.7ք.մ. մակերեսով տանը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Մալխաս Ամոյանի անվամբ Երևան քաղաքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը՝ առաջարկվում է քննարկվող բնակարանը նվիրել նրան, որը լրացուցիչ խթան և ոգևորող հանգամանք կլինի անվանի մարզիկի համար մեր երկիրը հետագա առաջնություններում ներկայացնելու ընթացքում:
Մալխաս Բիմբաշի Ամոյանը ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երևան քաղաքում: 2015–2022թթ. ընթացքում դարձել է բազմաթիվ առաջնությունների հաղթող և մեդալակիր, 2022 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Մալխաս Ամոյանի վերջին ամենակարևոր նվաճումներն են 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները:
Որոշման նախագիծն ընդունվեց միաձայն: