factor.am: Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի դեմ առ դեմ բանակցություններից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպմանն Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է զարգացնել Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ «Մենք լի ենք վճռականությամբ՝ զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ հասել են դաշնակցային մակարդակի»,- ասել է Էրդողանը։
Բացի այդ, նա կրկին խոսել է հայկական գրավյալ Շուշի քաղաքում հյուպատոսություն բացելու մասին։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում», երբ Բաքուն ցանկանա, ինչն «ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին»։
Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը պետական այցով ժամանել է Ադրբեջան։