hetq.am: Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեթսոլան ժամանել է Ուկրաինայի Լվով քաղաք։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
«Ուրախ եմ կրկին հայտնվել Ուկրաինայում։ Այդ խիզախ մարդկանց հետ միասին, որոնք ներշնչել են ողջ աշխարհին։ Այն հերոսների հետ, որոնք չեն ընկրկում ճնշմանը։ Նրանց հետ, որոնք զոհել են ամեն ինչ մեր արժեքների համար։ Եվրոպացիների հետ, որոնց տունը մեր Եվրոպական միությունն է»,- անգլերենով և ուկրաիներենով գրել է մալթացի քաղաքական գործիչը։
Լվովում Մեթսոլան սկզբում հանդիպել է Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Վերջինս թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ շնորհակալություն է հայտնել Մեթսոլային 2022 թվականի փետրվարի 24-ին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին օրը, ուկրաինական կողմին օգնության որոշման համար։ Նրանք քննարկել են Եվրամիություն Ուկրաինայի անդամակցության արագացմանն ուղղված քայլերը։ Ստեֆանչուկը նշել է, որ Եվրոպական խորհրդարանի և Գերագույն ռադայի միջև աշխատանքը կուժեղացվի այս հարցի ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևը, որին Եվրամիությունը կոչ է անում աջակցել։
Ավելի ուշ, Մեթսոլան Լվովում հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Ես անցած տարվա ընթացքում շատ բաներ եմ սովորել Ուկրաինայից։ Բայց թերևս ամենակարևոր դասը Տարաս Շևչենկոյի ձևակերպածն է. «Շարունակեք պայքարել, դուք անպայման կհաղթեք»»,- գրել է Մեթսոլան։
Իր հերթին նախագահ Զելենսկին Մեթսոլային հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է անդամակցության վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսել Եվրամիության հետ։ Բացի այդ, Զելենսկին կոչ է արել Եվրոպական խորհրդարանին խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։
Զելենսկին և Մեթսոլան վերջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ այս տարվա փետրվարի սկզբին Ուկրաինայի նախագահի՝ Արևմտյան Եվրոպա կատարած այցի ընթացքում։