ԵՄ-ում նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր և հավակնոտ Գործընկերության օրակարգի ընդունումը. հայտարարություն

Դեկտեմբերի 5-ին Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել  նորդիկ-բալթյան (NB8) երկրների (այս երկրների ձևաչափում ներգրավված են Շվեդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Դանիան և Նորվեգիան) ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այս ձևաչափով համատեղ հանդիպում կայացել է առաջին անգամ՝ Շվեդիայի ընթացիկ նախագահության ներքո։ Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդենը և ձևաչափում ներգրավված մյուս երկրների ներկայացուցիչները։*

Հանդիպման արդյունքներով հրապարակվել է համատեղ մամուլի հաղորդագրություն, որը ներկայացված է ստորև։

Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին հարաբերությունների ամրապնդման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը և ամուր աջակցություն հայտնեցին Հայաստանի՝ ԵՄ-ի և նրա եվրոպական գործընկերների հետ կապերը խորացնելու ձգտմանը։

Հայաստանը կիսում է այն ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, որոնք դրված են նորդիկ-բալթյան և եվրոպական համայնքների հիմքում։ Նորդիկ-Բալթյան երկրները բարձր են գնահատում Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումներին և շարունակելու են աջակցել Հայաստանի բարեփոխումների ջանքերին։

ԵՄ-ում նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր և հավակնոտ Գործընկերության օրակարգի ընդունումը՝ Եվրոպական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բոլոր ուղղություններով ամրապնդելու վերաբերյալ եզրակացություններին համահունչ։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում են ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության բոլոր երեք հարթակներում։

Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, և ողջունում են նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու տարածաշրջանային կապերն ու տնտեսական համագործակցությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով