1lurer.am: Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ներողություն է խնդրել, երբ Վրաստանի վարչապետը նրան մեղադրել է իր կյանքին սպառնալիքներ հնչեցնելու համար, գրում է Euronews-ը:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը, եթե «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն հաղթահարվի։
Թեև Կոբախիձեի ֆեյսբուքյան գրառման մեջ պաշտոնյայի անունն ուղղակիորեն չի նշվում, Վարհեին անմիջապես պատասխանել է՝ պնդելով, որ իր մտադրությունները սխալ են հասկացվել:
«Ցանկանում եմ իմ շատ անկեղծ ափսոսանքը հայտնել, որ հեռախոսազրույցի որոշակի հատված հանվել է համատեքստից»,- ասվում է Վարհեիի հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։
«Հեռախոսազրույցի ժամանակ անհրաժեշտություն զգացի վարչապետի ուշադրությունը հրավիրել առանց այն էլ փխրուն իրավիճակն էլ ավելի չսրելու կարևորության վրա: Այս առումով Սլովակիայում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունը ներկայացրեցի որպես օրինակ և որպես հղում, թե նույնիսկ Եվրոպայում ինչի կարող է հանգեցնել հասարակության մեջ բևեռացվածության նման բարձր մակարդակը»,-պարզաբանել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը։
Սլովակիայի վարչապետի վրա հինգ անգամ կրակել էին Հանդլովա քաղաքում կառավարության նիստից հետո։ Շատերը, ներառյալ նրա կաբինետի անդամները, մահափորձի պատճառ են համարում Սլովակիայում օրեցօր աճող քաղաքական բևեռացումը: