Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, փետրվարի 19-ին այցելել են Գեղարքունիքի մարզ: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Վարդենիսի համայնքապետարանում համազեկուցողներին ներկայացրել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։
«Այնուհետև փաստահավաք խմբին ուղեկցել եմ Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները»,- գրառման մեջ գրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողներ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ, ավելի ուշ եղել են նաև Սյունիքի մարզում։