panorama.am: ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։
«Սկսվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ 12 անդամներից 8 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։ Իրենց դիրքորոշումները տարբեր ձևերով արտահայտել են, կա նաև կառավարւթյան արձագանքը մեր օրենքի նախագծին։ Իրավական տեսանկյունից անհեթեթ, չհիմնավորված արձագանք է», – ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրողներին խոստացել է հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, երաշխավոր լինել Արցախի ժողովրդի անվտանգությանը, շարունակել բանակցությունները ԵԱՀԿ շրջանակներում, հասնել Արցախի վերջանական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորշման իրավունքի վրա։
«Բոլոր այս խոստումները ՔՊ-ն փորձում է մոռացության մատնել։ Դրանք ոչ թե օդում տված խոստումներ են, այլ այդ խոստումների հիման վրա ձևավորվել է կառավարության ծրագիր, կառավարության ծրագիրն ԱԺ-ն ընդունել է, որն օրենքի ուժ ունի և պարտադիր է կատարման համար։ Այդ կառավարության ծրագիրը հենց Փաշինյանի կառավարության ծրագիրն է։ Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագիրն։ Դեմ քվեարկելով իր կառավարության ծրագրին, նա իր կառավարությունը հայտարարում է ապօրինի։ Կառավարությունը դառնում է ոչ լեգիտիմ։ Մեր հաջորդ խնդիրը պետք է լինի այս կառավարությունը, որն իր ընտրողներին խաբել է, ինչ որ իմաստով իշխանազավթում է իրականացնում, ընտրությանը տալիս է խոստումներ, անում է դրան ուղիղ հակառակը։ Այդ կառավարությունն իրեն դուրս է դնում օրենքից ու մեր խնդիրը պետք է լինի այդ կառավարությունից ազատվելը։
Ուզում եմ առիթից օգտվել և ՔՊ բոլոր պատգամավորներին ասել՝ ինչին եք դուք դեմ քվեարկում։ Դուք դեմ եք քվեարկում ձեր կառավարության ծրագրին, իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը նշանակում է պետք է կառավարությունը հրաժարական տա»,- ասաց Չալաբյանը։
Նա նշեց, որ «Հայաքվեն» ավելի քան արդիական է։
«Արցախի ինքնորոշման իրավունքն առանցքային է պաշտպանել, որպեսզի մենք երբևէ կարողանանք Արցախը վերադարձնել։
Արցախը օրենքով պատկանում է հայ ժողովրդին, Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Եթե այս պահին հանգամանքների բերումով ապրում են Հայաստանում, ամեն ինչ պետք է անել, որպեսզի կարողանան վերադառնան ու վերատիրանալ Արցախին։ «Հայաքվեն» հենց դա է մեզ տալիս»,- ասաց Չալաբյանը։
«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։