armenpress.am: Չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց կա, սակայն դա չի երաշխավորում, որ կզսպի Ադրբեջանի կողմից հնարավոր հերթական սադրանքը, հետևաբար Հայաստանն ամեն օր զբաղվում է պաշտպանունակությունը բարձրացնելու գործով:
Այս մասին վստահեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք փակուղո՞ւմ է խաղաղության գործընթացը:
Սիմոնյանը պարբերաբար նոր սադրանքների, նոր ռազմական գործողությունների բավականին բարձր վտանգ է տեսնում: «Սակայն ասել, թե փակուղում է, չեմ կարծում, թե ճիշտ է: Այնուամենայնիվ, գործընթաց կա, տեղում կանգնած չէ: Փակուղի անվանելը, կարծում եմ, սխալ է: Սակայն դա չի նշանակում, թե Ադրբեջանի կողմից հերթական սադրանք անելու առումով ինչ-որ ձևով զսպող գործիք լինել: Հակառակը՝ կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար»,-ասաց Սիմոնյանը:
Նա վստահեցրեց՝ անկախ ամեն ինչից ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանողականությունը բարձրացնելու գործով:
«Եթե նույնիսկ ամենալավ, ամենալավատեսական բանակցությունները լինեն, մենք, միևնույն է, ամեն օր զբաղվել ենք ու զբաղվում ենք ու զբաղվելու ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով»,-ընդգծեց ԱԺ նախագահը: