Երեկ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց խաղաղ պահանջատիրական ցույց է կազմակերպվել Արցախի Հանրապետության` Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով։ Հավաքը կազմակերպվել է Հայ Դատի Վիեննայի հանձնախմբի, Ավստրիայի և Սլովակիայի հայերի և Հասմիկ Հովակիմյանի նախաձեռնությամբ։
Կազմակերպիչներից Հասմիկ Հովակիմյանը հայտնում է, որ հավաքի ընթացքում թիրախավորվել են
- հումանիտար ահագնացող իրավիճակը Արցախում,
- Ադրբեջանի կողմից անօրինականորեն բլոկադային իրավիճակի ստեղծումը,
- 120 հազար մարդու պատանդ պահելու փաստը,
- բազմաթիվ մարդու իրավունքների ոտնահարումը,
- Ադրբեջանի ոչ իրավական, անօրեն գործողությունները։
«ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ: Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ, այդ պատճառով բողոքի ակցիայի վայր էր ընտրվել Heldenplatz-ը՝ ԵԱՀԿ հիմնական գրասենյակի հրապարակը։
Հավաքի ժամանակ հասցեագրվել են բոլոր միջազգային կազմակերպությունները, կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ դիկտատոր ռեժիմի, ստիպել Ադրբեջանին վերջ տալ անօրինական բլոկադային` այդպիսով կանխելով ահագնացող արհավիրքը։ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին պաշտոնապես նամակ է հանձնվել համապատասխան պահանջներով և տեղեկություններով։
Անտեղյակ անցորդներին բաժանվել են Արցախի պատմության և Կյանքի ճանապարհի վերաբերյալ 400 ինֆորմացիոն թերթիկներ։
Թեկուզ չնչին դրական արդյունքի համար բոլորս պետք է պատրաստ լինենք գործադրելու տիեզերական ջանքեր»,- նշված է գրառման մեջ։
Լուսանկարը՝ Հասմիկ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից