«Դեպքեր են եղել, երբ իջել եմ նիստերի դահլիճից եւ արտասվել»․ դատավորը՝ իր անցած ճանապարհի, դատական համակարգի այսօրվա մասին

«Veritas lux mea». լատիներեն այս արտահայտությունը, որ թարգմանաբար նշանակում է «Ճշմարտությունը իմ լույսն է», Ռուզաննա Ազրոյանի կյանքի հավատամքն է։ Ազրոյանը 2018 թ․–ից ՀՀ վարչական դատարանի դատավոր է, որի կենսագրությունը դասական իրավաբանի կենսագրությունից շատ է տարբեր նա ավարտել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի բակալավրը, ապա՝ Պետական կառավարման ակադեմիայի Քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան, որից հետո՝ Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ զուգահեռ սովորելով նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ատենախոսությունը՝ Սպիտակ հեղափոխության թեմայով, կազմ-պատրաստ դեռ սպասում է պաշտպանության դատավորի բազմազբաղ առօրյայում դժվար է ժամանակ գտնել ակադեմիական միջավայր վերադառնալու համար։

Բայց Ազրոյանն այդ միջավայրից ամբողջովին չի կտրվել Կառավարման ակադեմիայում դասավանդում է «Վարչարարության հիմունքներ» եւ «Վարչական դատավարության օրենսգիրք», իսկ Հայ-ռուսական համալսարանում՝ «Հարկային վեճերի լուծման առանձնահատկությունները» առարկաները։

Պետական եւ մասնավոր ոլորտներում իրավաբանի՝ արդեն տարիների փորձ ունեցող դատավորն այսօր սիրահարված է վարչական դատավարությանը։ Նա համոզված է՝ դատավորը պետք է ունենա արժեքներ եւ սկզբունքներ՝ առաջին հերթին լինելով բարի, բարոյական, արդարամիտ եւ արդարադատ։

Ռուզաննա Ազրոյանը Infocom-ին պատմել է իր անձնական եւ մասնագիտական կյանքի, անցած ճանապարհի մասին։

Մանկուց եկող արդարության զգացումը

Ռուզաննա Ազրոյանը ծնվել է Երեւանում, ինչպես ինքն է ասում, բժիշկների ընտանիքում․ «Միշտ ասում եմ՝ բժիշկների, բայց հայրս տնտեսագետ է, մայրս եւ մորս ողջ կողմն են բժիշկներ, եւ ես պարզապես այնքան ներառված եմ եղել բժշկական գործընթացների մեջ․․․ Ընտանիքում իրավաբաններ չեն եղել․ միայն քեռիս է իրավաբան, բայց ես փոքր եմ եղել, երբ նա մեկնել է Ռուսաստան, սերտ շփում չեմ ունեցել։ Հիշում եմ՝ մանկությունից որոշել էի, որ պիտի դառնամ իրավաբան ու անպայման՝ դատավոր․ թե ինչու, չգիտեմ։ Ու հիշում եմ՝ մի մոտ հարեւան ունեինք, որ միշտ հումորով էր դրան վերաբերվում, բայց երբ դարձա դատավոր, ասաց՝ փաստորեն, ասաց եւ արեց»։ Ազրոյանն էլ, երբ այսօր հետհայաց նայում է, ասում է՝ փաստորեն, իրոք, ասացի եւ արեցի։

Դատավորի խոսքով՝ արդարության զգացումն իր մեջ մանկուց է եղել․ «Տարով շուն եմ, ամսով՝ աղեղնավոր, եւ երկուսն էլ արդարության պայքարողներ են։ Անիմաստ կընկնեի ինչ-որ պատմությունների, կռիվների մեջ, ինչ է թե պայքարեի արդարության համար, ու մինչ օրս էլ այդպիսին  եմ։ Երեւի դա է ստիպել, որ այս մասնագիտությունն ընտրեմ։ Նաեւ դետեկտիվ ժանրի ֆիլմեր էի նայում, գրքեր կարդում․ սարսափելի շատ էի սիրում կարդալ, հատկապես՝ Ագաթա Քրիստի»։ Կարդալը, ճամփորդելն ու մեծ թենիսը դատավորի նախասիրություններն են մինչ օրս։

Որեւէ կրթություն ավելորդ չէ

16 տարեկանի նախաշեմին Ազրոյանը կողմնորոշված էր՝ իրավաբան է ուզում դառնալ, բայց ծնողների հորդորները փոխել են նրա ճանապարհը․ «Այդ տարիներին (1990 թ․), բավականին շատ էր մրցակցությունը, եւ ամենաթրենդային ֆակուլտետներն էին Իրավաբանությունը, Միջազգային հարաբերությունները, Քաղաքագիտությունը, Արեւելագիտությունը։ Մայրս ազդեց ընտրությանս վրա՝ ասելով, որ մրցակությունը շատ է, պաշտոնատար անձանց, դասախոսների երեխաներ են ընդունվում, համոզեց, որ Արեւելագիտության ֆակուլտետ դիմեմ։ Ընդվզում եղել է, երբեք աչքի չեմ ընկել հնազանդ բնավորությամբ, բայց եւ միշտ հարգանքով եմ վերաբերվել ծնողներիս կարծիքին»։ Արդյունքում, առաջին հորիզոնականում Արեւելագիտություն, երկրորդում Իրավաբանություն նշելով՝ Ազրոյանն անվճար հիմունքներով ընդունվել է Արեւելագիտության ֆակուլտետ եւ այնպիսի միավորներով, որոնք անցողիկ էին Իրավաբանության ֆակուլտետի անվճար տեղի համար։ Նեղվածություն, ամեն դեպքում, չկար․ ասում է՝ շատ լավ կրթություն է ստացել։ Նույն իրավիճակը հետագայում մագիստրատուրայի դեպքում է եղել։

Ռուզաննա Ազրոյանի համոզմամբ՝ որեւէ կրթություն ավելորդ չէ եւ անարդյունք չի մնում․ «Արդարադատության խորհրդում քննության ժամանակ ինձ (որպես դատավորի թեկնածուի,-հեղ․) հարցրին՝ ինչի՞դ է պետք Արեւելագիտության կրթությունը, եւ ես պատասխանեցի՝ ո՞նց կարող է մի լեզվի իմացությունը կամ պատմության իմացությունը աշխարհայացք չփոխել եւ չնպաստել ինչ-որ բանի։ Երբ դարձա դատավոր, մի գործ ունեինք Իրանի դատապատրված քաղաքացու վերաբերյալ, որին պետք էր արտաքսել, եւ կար միջազգային համաձայնագիր, որի հիման վրա պետք էր համապատասխան դատական պրոցես լիներ։ Այնպես էր ստացվել, որ դեսպանատնից համապատասխան պաշտոնատար անձ էր զանգահարել իմ աշխատակազմ, եւ ես, հարգանքից ելնելով, անձամբ խոսեցի նրա հետ։ Եվ որոշեցի պարսկերեն խոսել։ Նա այնքան էր հուզվել եւ ազդվել, որ ոչ միայն դատավորը իր հետ խոսեց, այլ նաեւ որ իր լեզվով խոսեց, ասաց՝ ես նման բան չէի տեսել»։

Ինքնաբավությունը աշխատանքում

Ուսումնառության այդ ողջ ընթացքում Ազրոյանի մոտ չի եղել ճիշտ պահին ճիշտ տեղում չգտնվելու զգացողություն, բայց կիսատության զգացողություն եղել է․ «Ավարտելուց հետո այդ զգացումն է եղել՝ ո՞ւ, բա հետո՞։ Այդ հարցը ինձ մոտ փակվեց, երբ վերջապես դարձա ինքնուրույն, սկսեցի գումար վաստակել եւ իմ ընտանիքին ոչինչ չասելով՝ ընդունվեցի Իրավաբանության ֆակուլտետ։ Սովորեցի, կարմիր դիպլոմով ավարտեցի, եւ այդ պահին ունեցա ամբողջականության զգացում, որ սա այն էր, ինչ ես ուզում էի։ Այդ օրվանից սկսած՝ բացի իրավաբանությունից այլ բանով չեմ զբաղվել։ Իրավաբանությունն ինձ հաղորդեց ինքնաբավություն, եւ ես հասկացա, որ դա այն էր, ինչին մի քիչ դժվար, մի քիչ զարտուղի ճանապարհով, բայց պիտի հասնեի»։

Դատավոր դառնալու մոտիվացիան

Ազրոյանը շատ լավ հիշում է Արդարադատության խորհրդում բանավոր հարցազրույցի ժամանակ իրեն տված կարեւոր հարցերից մեկը՝ ո՞րն է դատավոր դառնալու իր մոտիվացիան․ «Ես ազնիվ պատասխանեցի՝ երբ աշխատում էի Ֆինանսների նախարարությունում, հանդես էի գալիս պետության անունից, պաշտպանում՝ պետության շահերը, հետո մասնավոր ոլորտում, երբ աշխատում էի որպես փաստաբան, պաշտպանում էի մասնավոր անձանց շահերը, բայց միշտ չէ, որ ինձ բավարարված էի զգում, երբեմն դժգոհ էի մնում դատական ակտերից, եւ զգում էի, որ չեմ իրականացրել այն արդարությունը, որի համար պայքարում էի»։

Միակ եղանակը, ըստ Ազրոյանի, որով ինքը կարող է հասնել այդ նպատակին, մեջտեղի օղակը՝ դատավոր լինելն է։ Համալսարանական տարիներին վարչական իրավունքի հանդեպ ընդգծված բացասական վերաբերմունքը, ըստ նրա, սիրո է վերածվել Ֆինանսների նախարարությունում աշխատանքի ընթացքում, երբ ինքը նիստերի էր գնում Վարչական դատարան, տեսնում դատավարությունը, հիացմունքով նայում որոշ դատավորների․ «Գիտեք՝ որեւէ համակարգ կատարյալ չէ, վարչական մարմիններն էլ կատարյալ չեն աշխատում, դատական համակարգն էլ։ Ես ունեցել եմ նաեւ հիասթափություններ դատավորներից՝ սկսած իրենց կեցվածքից, պահվածքից․ կարող էին, օրինակ, կողմի հետ այնպես կոպիտ խոսել, որ ես, լինելով հակառակ կողմից, փորձեի պաշտպանել։ Եղել են հիասթափություններ նաեւ դատական ակտերից, աշխատակազմերի աշխատելաոճից․․․ Միայն թե դատավոր դառնալուց հետո հասկացա, որ աշխատակազմերի հետ կապված խիստ եմ դատել»,- ասում է դատավորն ու նշում՝  գերծանրաբեռնվածության պայմաններում պետք է վրիպակներին ըմբռնումով մոտենալ։

Առաջին դատական նիստը

Դատավոր նշանակվելուց հետո Ազրոյանը որոշել էր առաջին դատական նիստը նշանակել մոտ 1-2 ամսից, սակայն ոչինչ ծրագրվածի պես չգնաց․  «Դե, ես դատական համակարգից չեմ, այդպիսի դեպք այն տարիներին հազարից մեկ էր լինում, եւ բնականաբար, պետք է ինձ վրա ավելի շատ աշխատեի, որպեսզի հասցնեի մտնել պրակտիկայի մեջ։ Որոշել էի այնպիսի գործով առաջին նիստը նշանակել, որով նախապես կզգամ, որ հնարավոր է՝ գնա բավարարման, որ ինքս լավ զգամ, որ ինչ-որ կողմի համար լավ բան եմ արել։ Սակայն նշանակվելուցս մոտ 2 շաբաթ անց ինձ մակագրվեց ժամկետային քննվող գործ, այսինքն՝ երբ դու պարտավոր ես մի քանի օրում ընդունել վարույթ, նշանակել դատական նիստ ու տալ դատական ակտ»։

Գործը վերաբերում էր դատավորի թեկնածուի հավակնորդին, որը հայց էր ներկայացրել Դատական դեպարտամենտի դեմ․ «Ինձ համար դահլիճը նորություն չէր, բայց իմ ձեռքերն այնպես էին դողում, որ երբ ապացույցը վերցրի, ձեռքերս իջեցրի սեղանի տակ, որպեսզի կողմերը չնկատեն, եւ հուսով էի, որ չեն նկատել։ Եվ շատ լավ հիշում եմ այդ պատասխանատվության զգացումը, որ ես որոշելու եմ անձի ճակատագիրը․ միգուցե նրա մոտ էլ է իմ պես երազանք եղել դատավոր դառնալը։ Ի վերջո, գնահատական տվեցի, որ Մանկավարժական ինստիտուտի դիպլոմը, որի վրա նշված է մանկավարժ-իրավաբան, հավասարազոր չէ իրավաբանի այն պահանջներին, որ առկա է օրենքով դատավորի քննությանը մասնակցելու համար։ Հայցը մերժեցի, ամեն ինչ իմ պատկերացրածին հակառակ եղավ։ Այ, երկրորդ գործը արդեն չեմ հիշի։ Երկրորդ նիստից դողէրոցքը անցել էր»,- ասում է դատավորը՝ հիշելով՝ դողէրոցքը վերադարձավ մեկ էլ 2-3 տարի անց, երբ քույրն ու եղբայրն առաջին անգամ եկան իր դատական նիստին՝ իրեն լսելու։

Արցունքներ անարդարության զգացումից

Ռուզաննա Ազրոյանն ասում է՝ հուզվելու սիրահար չէ, բայց դատարանում ավելի շատ է արտասվել, քան իր ողջ կյանքում․ «Եղել են դեպքեր, երբ իմ դատական ակտով այդ անարդարությունը ուղղել եմ, բայց իջել եմ դատական նիստերի դահլիճից եւ արտասվել, որովհետեւ չեմ հասկացել՝ ինչպես կարող էր վարչական մարմինն այդպես անբարոյական վարվել․ լինում են բարոյականության եւ օրենքի բախումներ, եւ պետք է հավասարակշռել, հասկանալ՝ որն է ավելի կարեւոր»։

Ազրոյանը վերջին տարիներին պատահած այդպիսի մի դեպք է հիշում․ «Մի տղա, որ ծնված օրվանից առողջական շատ լուրջ խնդիրներ ուներ՝ շաքար, սրտի խնդիր եւ այլն, եւ այլն, այնպիսի խնդիրներ, որ ես ինքս, լինելով բժշկի աղջիկ, գիտեի, որ բուժելի չեն, ծնված օրվանից մինչ 18 տարեկանը հաշմանդամության կարգ է ունեցել, հասել է 18 տարեկանին, կարգը կտրել են։ Պատերազմի օրերն էին, երբ նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, հայց ներկայացրեց դատարան՝ խնդրելով պարտավորեցնել երեխային ճանաչել հաշմանդամություն ուենցող։ Իմ ապահովության  համար փորձաքննություն նշանակեցի, փորձագետն էլ ասաց՝ դրանք այն հիվանդություններն են, որ երբեք չեն բուժվում։ Ես վճռեցի անժամկետ կարգ տրամադրել, եւ երբ գլուխս կախ կարդում էի «հայցը բավարարել», պայթյունի նման մի ձայն լսվեց դատարանում՝ այն աստիճանի, որ ես բղավեցի, բոլոր կարգադրիչները ներս մտան։ Ի՞նչ էր տեղի ունեցել․ այդ կինն ընկել էր, կիսաուշաթափվել, նա այնքան էր հուզվել, այնքան չէր սպասում նման արդարադատության․․․ Հրապարակումից հետո ուզում էի դուրս գալ դահլիճից, մոտեցել, ասում էր՝ կարո՞ղ եմ Ձեր ձեռքերը համբուրել։ Ասում էի՝ ինչի՞ մասին է խոսքը, ես իմ աշխատանքն եմ արել, արդարադատություն եմ իրականացրել։ Իջել էի աշխատասենյակ, եւ այնքան էի հուզվել այդ անարդարությունից, թե ինչու պիտի այսպես լիներ,  որ այդ կինը ընկներ դատարանների դռները, այսքան ժամանակ անհանգստանար»։

Ոչ պատշաճ վարչարարության հետեւանքները

Դատավորը ափսոսանքով է ասում՝ լինում են նաեւ դեպքեր, երբ տեսնում ես, որ անարդար է, բայց օրենքը այնպես է գրված, որ պարզապես ոչինչ չես կարողանում անել․ «Ես կարծում եմ, որ զանցառուն պետք է միշտ պատասխանատվության ենթարկվի, ինձ համար անընդունելի է, որ ոչ պատշաճ վարչարարության պատճառով անձը մնում է անպատիժ, եւ նրան, ցավոք, թվում է, որ այդպես էլ պետք է լիներ»։ Նման դեպքերը, ըստ դատավորի, ամենաշատը առնչվում են Պետական եկամուտների կոմիտեի եւ Քաղաքապետարանի գործերին․ «Ես տեսնում եմ, որ անձը մեղավոր է,  ասեմ ավելին, անձը գալիս եւ ընդունում է, որ ինքը մեղավոր է, որ պետությանը գումար է պարտք, բայց խախտվել է նրա լսված լինելու իրավունքը, որը Սահմանադրությամբ եւ ՄԻԵԿ-ով պաշտպանվող իրավունք է, եւ ընթացակարգային այնպիսի խախտում է, որ, ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի, հանգեցնում է վարչական ակտի անվավերության։ Այդ ժամանակ ինձ մոտ գալիս է դատարկության զգացումը, որ ես արդարադատություն չիրականացրի, պարզապես օրենքի, ՄԻԵԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի որոշումների հիման վրա կայացրի դատական ակտ»։

Դատավորի աշխատանքը՝ առավելություն եւ զոհողություն

Դատավորի աշխատանքը, ըստ Ազրոյանի, թե՛ առավելություններ, թե՛ զոհողություններ է ենթադրում, զոհողություններ՝ գուցե ավելի շատ․ «Սկզբնական տարիներին ես եւ օգնականս շաբաթ-կիրակի նույնպես աշխատում էինք, տուն էինք գնում գիշերը ժ․ 11-ից ոչ շուտ, եղել են դեպքեր, որ անգամ ժ․ 2-3-ին ենք գնացել, որովհետեւ երկուսիս համար էլ նոր էր, փորձում էինք իդեալական աշխատել։ Այդ շրջանում նույնիսկ երազումս իմ գործերն էի տեսնում, վճիռներ գրում, եւ հետաքրքիրն այն է, որ լուծումները, որ աշխատավայրում մտածում ու չէի գտնում, երազումս հանկարծակի գալիս էին, եւ որպեսզի չմոռանայի, գիշերը, երբ վեր էի թռչում, ձայնային հաղորդագրությամբ ուղարկում օգնականիս․․․ Երբ արձակուրդ էի գնում, էլի չէի կտրվում աշխատանքից։ Բայց հավատացեք՝ դժվար էր այդպես ապրելը։ Եվ ես աստիճանաբար սկսեցի սահմանափակել իմ ժամանակը, որովհետեւ դա վաղ թե ուշ իր ազդեցությունն ունենալու էր»։

Այս ամենի հետ մեկտեղ, ըստ Ազրոյանի, կան առավելություններ, որոնց համար էլ որոշ բաներ զոհաբերվում են․ «Առավելությունը երեւի թե այդ բարձր կոչումն է, որ դու դատավոր ես, որ իրականացնում ես արդարադատություն եւ հանդես ես գալիս ՀՀ-ի անունից։ Առաջ առավելություն էր նաեւ, որ դատավորները բարձր աշխատավարձ, բարձր թոշակ էին ստանում։ Ցավոք, դրանք այժմ դուրս են եկել․ օրենսդրական  փոփոխությունների արդյունքում ապրիլի 1-ից դատախազները ստանում են ավելի բարձր աշխատավարձ, գիտեմ, որ քննիչների աշխատավարձն էլ է բարձրանում այնքան, որ հավասարեցվի դատավորներին։ Այսինքն՝ այդ սոցիալական առավելությունները նվազեցվել են»։

Դատավորի մասին հանրային ընկալումները 

Թեեւ Ազրոյանն ուզում է հավատալ, որ դատավորն ընկալվում է որպես բարձր կոչում ունեցող պաշտոնատար ինձ, եւ ինքն անձամբ դրան այդպես է վերաբերվում, բայց օբյեկտիվ դատելու դեպքում զգում է՝ իրականում այդպես չէ․ «Դատավորը  ընկալվում է որպես հերթական աշխատող, այլեւս չկան այն հայացքները, որ ունեցել եմ ես․ այնպես չէ, որ ես 20 տարեկան երիտասարդ եմ եղել, որ հիացմունքով եմ նայել դատավորներին։ Այժմ ես չեմ նկատում, որ ինձ ինչ-որ մեկը այդպես նայում է։ Ավելի շատ նայում են հիացմունքով, զուտ որ կին եմ, դատավոր եմ, գոհ են իմ ակտերից»։

Դատավորը դա տարբեր գործոններով է պայմանավորում․ «Առաջնահերթ փորձեմ մեզ վրա վերցնել․ գուցե պայմանավորված է դատավորներիս մեղքով, որոշ դատավորների վարքագծով, բայց պայմանավորված է նաեւ դատավորների հեղինակության արհեստական անկմամբ։ Ես խոսքի ազատությունը հարգում եմ, բայց ամեն ինչ պետք է ունենա սահման, մեզ մոտ այդ սահմանը գոյություն չունի․ անձը, տեղյակ չլինելով՝ դատավորն ով է, կարող է այնպիսի հրապարակում անել, այնպես վարկաբեկել, որ մարդիկ, որոնք չեն առնչվել դատական համակարգին, միանան այդ հայհոյանքներին, վիրավորանքներին, եւ այլ անձանց մոտ դա տպավորվի։ Այդ մթնոլորտն է ձեւավորվել, ասում են՝ դատավոր է էլի։ Բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ դա հիմնականում սխալ է։ Այո, ունենք խնդիրներ, ունենք դատավորներ, որոնք ճիշտ վարք չեն դրսեւորել, չեն ընկալվել հասարակության կողմից, գուցե՝ օբյեկտիվ պատճառներով»։

Հարցին՝ արդյո՞ք դատավորների հեղինակության արհեստական անկումը միայն հանրության թե՞ նաեւ պաշտոնատար անձանց կողմից է նկատում՝ Ազրոյանը պատասխանում է․ «Պաշտոնատար անձանցից էլ է շատ բան կախված հեղինակությունը բարձրացնելու համար։ Եթե, դիցուք, ունենք վարչական մարմին կամ պաշտոնատար անձ, որոնք պաշտոնապես հայտարարում են, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չեն կատարելու, բնականաբար, դա հեղինակության անկում է, որովհետեւ հասարակ քաղաքացին ի՞նչ է մտածում․ եթե պաշտոնատար անձը չի կատարում դատական ակտը, ինչո՞ւ ես պիտի կատարեմ։ Պատկերացրեք՝ հայցադիմումում եղել է անգամ նշում, որ եթե պաշտոնատար անձը ասել է՝ ինքը կարող է դատական ակտը չկատարել, ես ինչո՞ւ պիտի կատարեմ։ Մենք չենք ասում՝ համաձայնեք ակտերին, իհարկե, կարող եք չհամաձայնել, իհարկե, եթե ձեր իրավունքը սահմանափակվել է, ինչո՞ւ պիտի համաձայնեք, որքան էլ դա ճիշտ լինի, բայց կարելի է դա այնպես մատուցել, որ հանրությունը ընկալի, որ ոչ թե դատարանն է վատը, այլ պարզապես այդպես է որոշվել»,- ասում է դատավորը՝ ընդգծելով, որ կան օրինական ճանապարհներ դրանք բողոքարկելու։

Դատական համակարգի այսօրը

Դատական համակարգի այսօրը դատավորը փոքր–ինչ շփոթված է որակում․ «Վերջին շրջանում փոփոխությունները շատ են, հանգստություն, կայունություն չկա։ Անընդհատ ինչ-որ շարժ է, տարբեր գործընթացներ են տեղի ունենում՝ կարգապահական վարույթներ, համակարգում փոփոխություններ, տարբեր բաներ են խոսվում, եւ ես զգում եմ, որ համակարգն այսօր մի փոքր շփոթված է»,– ասում է դատավորը՝ առայժմ ձեռնպահ մնալով կարգապահական վարույթների՝ վերջին տարիների թվի աճին գնահատական տալուց։

Հարցին՝ ինքը, որպես դատավոր, զգո՞ւմ է ԲԴԽ–ի՝ որպես իր անկախությունը երաշխավորող մարմնի ներկայությունն իր թիկունքում՝ Ազրոյանը պատասխանում է․ «Քանի որ չեմ ունեցել խնդիր, որ ԲԴԽ-ում բարձրաձայնեմ, լուծում չստանա կամ բարձրաձայնեմ եւ լուծում ստանա, ինքս չեմ կարող պատասխանել՝ ԲԴԽ-ն կարողանում է ապահովել դատավորների անկախությունը եւ արդյոք թիկունքին կանգնած է թե ոչ, բայց լիահույս եմ, որ եթե ունենամ խնդիր իմ անկախության ապահովման հետ կապված, ամեն դեպքում, այդ թիկունքը կզգամ»։

Ազրոյանի համոզմամբ՝ դատական համակարգն այսօր ընդհանուր առմամբ անկախ է․ «Միգուցե կատարյալ անկախ չենք, միգուցե չենք կարողանում  ճիշտ մատուցել մեր անկախությունը, միգուցե կատարվում են գործողություններ, եւ կայացվում են դատական ակտեր, որոնք, թվում է, այնպիսին են, որ անկախ դատավորը չէր կայացնի, միեւնույն է, ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ, անկախ ենք։ Ես ինձնով կգնահատեմ եւ այն դատավորներով, ում ճանաչում եմ, շփվում եմ, ում դատական ակտերը կարդում եմ»։

Անձնական եւ գործնական իղձերը

Ռուզաննա Ազրոյանն ասում է՝ կյանքում երեք հիմնական երազանք է ունեցել՝ դառնալ դատավոր, ունենալ իր սեփական բնակարանը եւ ունենալ որդի․ «Երկու երազանքներս իրականացել են, մնում է՝ երրորդը իրականացնեմ․․․ Բացի այդ մի օր զարթնեցի եւ որոշեցի, որ պետք է բարձրանամ Արագած սարը, լինեմ այդ գագաթում եւ հայկական դրոշը ծածանեմ, պարզապես որոշեցի եւ արեցի»։ Այժմ դատավորի երազանքների շարքում Արարատ լեռը բարձրանալն է․ «Իսկ երբ իմ դատավոր գործընկերների տարեդարձն է լինում, եւ ես շնորհավորում եմ, մաղթում եմ, որ միշտ ունենան գոհունակության այն զգացումը, որ տվել են ճիշտ դատական ակտեր․ միայն դատավորը գիտի իր կնիքի եւ ստորագրության արժեքն ու ծանրությունը»։

 

Միլենա Խաչիկյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով