Գործադիրը որոշեց կրթական վեց մրցանակ սահմանել ՏՏ բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով սահմանել կրթական վեց մրցանակ` լավագույն ուսանողների համար` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ» (I և II կարգ), «լավագույն մագիստրանտ» (I և II կարգ), «լավագույն բակալավր» (I և II կարգ) և լավագույն սովորողների համար` 2023 թվականից` «գլխավոր մրցանակ» և «լավագույն աշակերտ» (I և II կարգ):

Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։

Նախագծով «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն առաջարկվում է այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը:

Իսկ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է հաստատի Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում՝

1) կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը,

2) լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը,

3)  լավագույն սովորողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ, ըստ նախագծի հիմնավորման, հնարավոր կդառնա բարձր առաջադիմություն ունեցող և ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքներին (մրցույթներ, տպագրված հոդվածներ) մասնակցություն ունեցած ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման նոր համակարգ ներդնել:

«Լավագույն աշակերտ» անվանակարգի պարգևատրման չափն ու մրցանակների քանակը կնախատեսվեն մրցանակաբաշխության պայմանների սահմանումից հետո:

Որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով