ՀՀ գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի գործով անցնող մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը առաջին անգամ հարցաքննվել է։ Նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը news.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել հարցաքննությունից։
Հիշեցնենք, որ 2023թ․ հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող։ Ըստ դատախազության՝ գիշերը հրդեհի վայրից 7 զինծառայող է տեղափոխվել հոսպիտալ․ չորսը դուրս են գրվել։ Երեքը տեղափոխվել Երևան։ Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։
ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը վիրավոր երեք զինծառայողների թվում է, և հարցաքննությունը տեղի է ունեցել հիվանդասենյակում։ Նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը նշեց, որ չի անդրադառնա ցուցմունքի բովանդակային կողմին, բայց որոշ մասեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում, կհայտնի։
Նրա խոսքով Հակոբյանը ներկայացրել է տվյալներ զինծառայության վերաբերյալ՝ իրեն առնչվող մասով, իրավիճակաին իրադրության, կոնկրետ տվյալ վաշտի տեղակայումների անվտանգային մասով, զինծառայողների ունեցած փոխհարաբերությունների և այլ դրվագների, ինչպես նաև դեպքի մանրամասների վերաբերյալ։
«Այն, որ տվյալ վաշտը չի ունեցել անվտանգային որևէ համակարգ, այսինքն՝ հրահանգավորումներ զինծառայողները չեն անցել, սա արդեն, կարծես թե, նշմարվեց, համենայն դեպս, ես էդպիսի եզրահանգում ունեցա։ Այն, որ եղել են ոչ կանոնադրային հարաբերություններ զինծառայողների մեջ, խոսքը վերաբերում է նրան, որ բացակայել է պատշաճ զինվորական կարգուկանոնը։ Կոնկրետ հրդեհի մասով ոչինչ արված չի եղել»,- նշեց Սարգսյանը՝ ներկայացնելով, որ Եղիշե Հակոբյանը եղել է ինժեներական ծառայության սպա, նրա անմիջական ղեկավարը եղել է ինժեներական ծառայության պետը, իսկ նրա առնչությունը այդ զինվորների հետ եղել է այնքանով, որքանով ծառայության բերումով պետք է կամ կարող է շփվել վաշտի զինծառայողների հետ։
Պաշտպանը հայտնեց, որ հրդեհի օրը՝ հունվարի 19-ին, Հակոբյանի՝ այնտեղ գտնվելու հանգամանքը պայմանավորված է եղել ընկերական խնդրանքով․ «Պարզապես խնդիրը նրանում է, որ չեն եղել կանոնակարգված հարաբերություններ, որ նշանակվեին, հավուր պատշաճի զինվորական ծառայություն իրականացվեր, ինչն էլ ազդել է իրադարձությունների ու դրանց ելքի վրա»։
Ինչպես ասաց պաշտպան Սարգսյանը, Եղիշե հակոբյանը, ըստ իր ցուցմունքի, ինքն է այդ օրը վառարանը վառելու համար մեկ այլ տեղից՝ քիչ հեռու մի տեղից, պլաստմասսե ամանով բենզին բերել, որովհետև այլ նյութեր չեն եղել վառելու համար։ Ունեցել են փայտանյութ, որը թաց է եղել։
«Տարան ոչ ամբողջությամբ է լցված եղել, [Հակոբյանը] ասաց՝ մի քիչ պակաս է եղել։ Երբ բերել է, մի սուրճի բաժակի չափով բենզին է լցրել փայտի վրա, որ չորանա հետո կպնի, բայց չկպավ, այսինքն՝ բենզինը լցնելուց հետո որևէ կրակ չի նեղել։
Ասում է՝ պլաստմասսե տարան ձեռքիս կանգնած՝ սպասեցի՝ տեսնեմ՝ ինչ է լինում․ ծուխ էր լինում։ Ասում է՝ կռացա դեպի վառարանի կլոր անցքը՝ տեսնելու՝ ինչ է կատարվում, նույն պահին, միաժամանակ բոցը տվեց դեմքիս։ Ասում է՝ քանի որ տարան ձեռքիս էր, հավանաբար տարայի վրայից ծորացել է բենզինը։ Դրեցի գետնին, փորձեցի կրակը հանգցնել, տեսա՝ կրակը քաշեց ներս, այսինքն՝ կրակը անցավ պլաստմասսե տարայի մեջ։ Ասում է՝ նույն պահին վերցրի, դուրս շպրտեցի, էդ ընթացքում հավանաբար շատ քիչ քանակությամբ բենզին լցվեց մուտքի դռան վրա, որտեղից նաև մուտքի դուռը կպավ»,- հայտնեց պաշտպանը մեղադրյալ կապիտանի ցուցմունքից մանրամասներ ներկայացնելիս։
Հովսեփ Սարգսյանի խոսքով Հակոբյանը պատմել է նաև, որ այդ ժամանակ սենյակում էր գտնվում իր զինծառայող ընկեր Լյովան, ու միասին փորձել են նախ հանգցնել կրակը, ապա Լյովան գնացել է ննջարանի կողմ, որ զինվորներին հանի․ «[Հակոբյանն] ասում է՝ ժամը 10։30-ից զինվորներն արդեն պառկել էին, չնայած դրանից հետո ելումուտ կար, շարժ կար, բայց ասում է՝ որևէ մեկը չարձագանքեց։ Ասում է՝ որ ես վնասվածքներ եմ ստացել, գոռոցներ եմ հանել, ցավեր եմ ունեցել, էդ գիշերային լռության մեջ անընդհատ գոռում էինք, որ դուրս գային, հրդեհ է։ Իր վառվելը ու կրակը ննջարանին հասնելը իր հաշվարկներով տևել է երևի 15-20 րոպե, որից հետո դուրս է եկել, քանի որ լավ այրված է եղել, ասում է՝ սվիտրը վրայիցս հանեցի։ Գոռում էինք, լուսամուտներից էլ էինք գոռում, որ դուրս գան, բայց ասում է՝ շատ զարմանալիորեն որևէ մեկը չարթնացավ, դուրս չեկավ, ոչ թե չարթնացավ, ասում է՝ ես չգիտեմ էլ՝ քնած էին, թե քնած չէին, ընդհանրապես որևէ մեկը դուրս եկավ, ինչը շատ զարմանալի էր։ Զարմանքը ավելի մեծանում է էն ասպեկտով, որ ննջասենյակի վերջում եղած երկու զինվորները փաստորեն դուրս են եկել, իսկ մնացածը, այսինքն՝ 15 հոգի դուրս չեն եկել ու մահացել են»։
Պաշտպանի խոսքով այն, ինչ կատարվել է, նաև Եղիշեի մոտ է շատ զարմանք հարուցում, որ փաստորեն ննջասենյակում գտվող զինվորներից, բացի երկուսից ու ևս մեկից, որը փորձել է, բայց չի կարողացել դուրս գալ, մնացածը զարմանալիորեն անգամ փորձ չեն արել դուրս գալու․ «Սա ևս շատ հարցեր է առաջացնում»։
«Ինչ վերաբերում է նախորդող ժամանակահատվածի իրավիճակին՝ զինվորներն ինչ վիճակում են եղել, ասում է՝ էդ օրն աշխատել են, հոգնած էին բավականին, ժամը 10։30-ի կողմերը պառկել են։ Էնտեղ ննջարանը տաքացրել են նաև էլեկտրական վառարանով, թե քանի հատ, կոնկրետ չգիտի, որովհետև մուտք ու ելք չի ունեցել։ Նշեց, որ 10։30-ից հետո անընդհատ ելումուտ են արել վաշտի զինծառայողները, բայց թե որքան են արել, ով է ելումուտ արել, մինչև ժամը քանիսը, դեռ ճշգրտման կարիք ունեն, էդ կապակցությամբ Եղիշեն չհասցրեց ցուցմունքներում հստակություն մտցնել»,- հավելեց նա։
Նա հայտնեց նաև, որ ստացվել է Եղիշե Հակոբյանի թմրաբանական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ նրա արյան մեջ թմրանյութի օգտագործման հանգամանքներ չեն հայտնաբերվել․ «Հաջորդ խնդիրը վերաբերում է Եղիշե Հակոբյանի ու վաշտի զինծառայողների փոխհարաբերություններին։ Ճանաչելով վաշտի զինծառայողներին՝ նա որևէ կերպ որևէ վատ կամ ինչ-որ լարված փոխհարաբերություն չի ունեցել ո՛չ ամբողջ վաշտի իմաստով, ո՛չ վաշտի զինծառայողների հետ առանձին»։
Պաշտպանը նաև շեշտեց այն հանգամանքը, որ որպես մեղադրյալ՝ Եղիշե Հակոբյանը կարող էր հրաժարվել ցուցմունք տալուց՝ օգտվելով իր դատավարական լիազորություններից․ «Այսինքն՝ Հակոբյանի ցուցմունքը եղել է այսպիսի պայմաններում, հետևաբար կարելի է ողջամտորեն ենթադրել, որ նրա տված փաստական յուրաքանչյուր տվյալը, կարծում եմ, կարևոր նշանակություն կունենա գործի փաստական հանգամանքների բացահայտման համար»։
Հովսեփ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ կապիտան Եղիշե Հակոբյանը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել դեռևս՝ պատճառաբանելով, որ գործի փաստական այլ հանգամանքների բացահայտման զուգահեռ՝ ինքը կոնկրետ ու հստակ կներկայացնի իր ցուցմունքը։ Պաշտպանի խոսքով մեղադրանքը շատ խիստ նախնական է։
Սարգսյանը նաև հայտնեց, որ հենց Եղիշեն է դրսի կողմից օգնել, որ հրդեհից փրկված երկու զինծառայողները դուրս գան կացարանից։
Քրեական գործով մեղադրյալներն են ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ն։ Այսօր՝ հունվարի 17-ին, քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։