Գյուղը երկկողմանի շրջափակված է, ջուր ու գազ չկա, հաց էլ չի առաքվել․ Մեծ Այրումի բնակիչ |factor.am|

factor.am: Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով Մեծ Այրում բնակավայրը հայտնվել է մեկուսացման մեջ, երեկվանից գյուղ ելումուտ չկա, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքի բնակիչներից Սահակ Նազարյանը։

Նա մանրամասնեց, որ Մեծ Այրումում ջրամատակարարումն ու գազամատակարարումը դարարեցված են, ժամանակ առ ժամանակ նաև հոսանքազրկումներ են տեղի ունենում։ Սահակ Նազարյանի խոսքով՝ եթե առաջիկայում ճանապարհները չբացվեն, բնակավայրը պարենի խնդիր կունենա։ «Գյուղն այժմ երկու կողմից շրջափակված է։ Մենակ մեր գյուղը չի շրջափակված․ Ճոճկան, Շամլուղ, Փոքր Այրում, Քարկոփ և կողքի գյուղերը ևս երկկողմանի փակ են։ Երեկ և այսօր հաց չի առաքվել գյուղ, հացը բերում ենք Օձունից և Ախթալայից։ Մարդիկ կան, որ ամեն օր հաց են գնում, իրենք արդեն խնդիրներ կունենան։ Դեռ խանութներում մթերք կա, բայց մարդիկ, գիտեք, նման դեպքերում խուճապի են մատնվում և խանութների եղած ապրանքը գնում են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Մեծ Այրումի բնակիչը նշեց, որ խնդրահարույց են մնում առողջապահական հարցերը, համայնքում բուժքույր կա, բայց անհրաժեշտության դեպքում գյուղ շտապօգնության մեքենա չի կարող մտնել։

Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ, որտեղ շուրջ 5500 բնակիչ կա։

Հիշեցնենք նաև, իրավապաշտպան Օլեգ Դուրգարյանը, որը գտնվում է Փոքր Այրումում, «Ինֆոքոմ»–ի հետ զրույցում պատմել էր, որ հիշյալ բնակավայրերում կան ոչ մեծ խանութներ, որոնք իրենց ներուժն այսօր սպառել են, բնակիչները իրենց գնումները իրականացրել են, եւ եթե 1-2 օրվա ընթացքում սննդի եւ արտաքին աշխարհի հետ կապի հարցը չլուծվի, հնարավոր է՝ հումանիտար ճգնաժամ առաջանա։

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներ ու ավտոմեքենաներ են ջրածածկ եղել, փլուզվել են կամուրջներ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով