Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն էր ներկայացվել՝ առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանքով կասկածվող՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։
Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշեց բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը՝ հնարավորություն տալով Հակակոռուպցիոն դատարանին գործը քննել ըստ էության՝ նախաքննության ավարտից հետո։
Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած երևույթները և կշարունակի անզիջում պայքարը դրանց դեմ՝ առավել ևս դատական իշխանության շարքերում։՛
Նշենք, որ Փոլադյանի կինը` Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, եւս մեղադրյալ է։ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Հարությունյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս):
Անձը, ում ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքը օրինականացնելուն օժանդակելու մեջ մեղադրվում է Անի Հարությունյանը, եւս դատավոր է։ Խոսքը Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանի մասին է։
Հարությունյանի եւ Նարինյանի վերաբերյալ քրեական գործերը դատաքննության փուլում են։