news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հանրապետությունում ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցում, տեղեկացրել է Սպիտակ տունը։
«Նախագահը հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային այս ողբերգությունից հետո։ Նախագահ Բայդենն ամերիկացի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել նրանց, ովքեր տուժել կամ մերձավորներ են կորցրել իրար հաջորդող երկրաշարժերի պատճառով»,- նշվել է ԱՄՆ վարչակազմի՝ երկու ղեկավարների զրույցի հիման վրա տարածած հաղորդագրությունում։
Նշվել է նաեւ, որ Բայդենն անդրադարձել է ամերիկացի մասնագետների աշխատանքի հարցին, որոնք «օպերատիվ աջակցություն կցուցաբերեն Թուրքիային որոնողափրկարարական եւ այլ աշխատանքներում», ինչն արդիական է երկրաշարժից հետո։ Դա ներառում է նաեւ բուժօգնության ցուցաբերում եւ առաջին անհրաժեշտության առարկաների առաքում, նշել են Բայդենի վարչակազմում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։