«Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական»․ Կոռնիձորում տեղի ունեցավ «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» հանրահավաքը

Սյունիքի մարզում՝ Կոռնիձորում, տեղի ունեցավ «Կամավորական շարժում» ՀԿ-ի՝ «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» հանրահավաքը։

 Շարժման մասնակիցների խոսքով՝ հանրահավաքի նպատակն է՝ ոչ ասել «Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին», «տեր լինելու Արցախին և Հայաստանին մեր որոշումը վերահաստատելու, ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար»։

Հանրահավաքի կազմակերպիչները մասնակիցների անունից հնչեցրին ուղերձ, որում նշված էր․ 

«Հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները և բեկում մտցնելու վիճակի մեջ։ Հայության դիմադրութան ոգին անկոտրում է։ Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի և գործողության համար։ Արցախի ազատության և ինքորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակաազդեցության՝ ում կողմից էլ, որ այն կատարվի։ Արցախի ինքնիշխանության և արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումը և գործադրումը Հայաստանի և Արցախի իշխանությունների պարտավորությունն է։ 

Հայաստանի որևէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցակցված հանրաքվեների արդյունքները, ՀՀ Սահմանադրությունը և դրա անքակտելի մաս կազմող Անկախության հռչակագիրը, ի սկզբանե առոչինչ են։ Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդւորժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում։

Իրական և երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղության քանի դեռ գերված են Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը։ Մեր պայքարը շարունակական է։ Հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել և պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության և անվտանգության խնդիրների հրատապ լուծումը այլընտրանք չունի։

Որպես արժանապատիվ և հայրենատեր հայեր՝ մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք և ունենք կամք՝ ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։ Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական»։

Ուղերձն ու հանրահավաքը եզրափակվեցին «կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայ ժողովուրդը» վանկարկումներով։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով