Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը: Այս մասին ավստրիացի նախարարը իր թվիթերյան միկրոբլոգում:
Նա անդրադարձել է Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկել են Ավստրիայի և Հայաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Հայաստանում ԵՄ նոր առաքելության տեղակայման հետ կապված հարցեր:
«Ադրբեջանին կոչ ենք անում վերաբացելու Լաչինի միջանցքը և ապահովելու տեղաշարժի ազատությունը»,- գրել է Շալենբերգը:
Նշենք, որ ՀՀ ու Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 17-ին։ Միրզոյանը հանդիպման ընթացքում իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը։
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։
Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:
10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:
Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։
Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: