Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ՔՊ խմբակցությանը. պատճառը Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը: Այս մասին նա ասել է Factor.tv-ին տված հարցազրույցում:

Նա որպես հիմնավորում նշել է ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Հիշեցնենք, որ վերջինս հեռացվել է ՔՊ կուսակցությունից, ըստ կուսակցության պաշտոնական հաղորդագրության, «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»: Այնուհետև Աղազարյանը ինքնակամ դուրս է եկել նաև Աժ ՔՊ խմբակցությունից:

Ասլանյանը հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին ինքն էլ «հանգամանքների բերումով» մասնակցել է մի գործընթացի՝ ծանոթացել է մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների:

«Ցանկացած այլ դեպքում ես դա չէի անի, բայց քանի որ խոսքը վերաբերում էր իմ ընկերոջը՝ Հովիկ Աղազարյանին, ես ստիպված էի դա անել իմ ներքին համոզմունքը ամրապնդելու համար: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»,- ընդգծեց պատգամավորը:

Ապա նա պատմեց, որ շաբաթ օրը տեղի է ունեցել մի հանդիպում, իր խոսքով, ՔՊ բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի, նրա երեք որդիների և իր մասնակցությամբ. «Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը, և եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը: Դա տեղի չունեցավ: Աղազարյանի որդիներից մեկն ասաց, որ իրենց, ըստ էության, ծանոթ է հեռախոսի պարունակությունը, և որևէ հիմք չունեն դիմել իրենց հորը՝ մադատից հրաժարվելու խնդրանքով»:

Հակոբ Ասլանյանը հայտարարության վերջում «խնդրանքով» դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին. «Ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ: Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ փոխել իմ կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»:

Ճշտող հարցին՝ դուրս կգա՞ խմբակցությունից, Հակոբ Ասլանյանը դրական պատասխանեց:

Ըստ Ասլանյանի՝ նամակագրությունների մեջ չկան տողեր, որ կարելի լինի պետական դավաճանության կետի տակ դնել: 

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, նաև կուսակցական, քաղաքական, ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար:

Լրագրողի հարցին, որ մեղադրո՞ւմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ որոշում կայացնելու համար, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Չեմ մեղադրում վարչապետին, գուցե նրան սխալ են ներկայացրել, գուցե թյուրիմացության մեջ են գցել: Շատ լավ գիտենք՝ կան մարդիկ, որոնք վարչապետի մոտ լավը երևալու համար ինչ ասես կարող են ներկայացնել, բայց այն, որ վարչապետին այնպես չեն ներկայացրել, որ վարչապետն իրական պատկերացում ունենա, ես կարծես թե համոզված եմ դրանում»:

Ըստ պատգամավորի՝ ՔՊ-ում կան մարդիկ, որ իր նման են մտածում, բայց չունեն համարձակություն խոսելու սրա մասին. «Մարդիկ կան՝ կոտրված են, անտրամադիր են, կողմ են, որ արդար լինի ամեն ինչ, բայց ձայն չեն հանում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով