news.am: Երբ մարդիկ մտնեն բնակարաններ՝ սոցիալական ցանցերում որակի հետ կապված տեսարններ չե՞ն հայտնվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօրվա նիստում որոշում կայացվեց Ապարան քաղաքում 43 բնակարան ունեցող նորակառույց շենքը նվիրաբերել այն քաղաքացիներին, որոնց շենքերը 4-րդ կարգի վթարային են:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլայնաը հայտնեց, որ շենքը շահագործման է հանձնվել 2022 թվականին և կարիք կա նորից շրջայց կատարել, որպեսզի խնդիրներ չլինեն։
Նիկոլ Փաշինյանը նախ դիտողություն արեց, թե եթե շենքը պատրաստ է 2022-ից, ինչու են հիմա բնակարանները տալիս բնակիչներին, ապա խոսեց նաեւ վթարային երկու շենքերը լիկվիդացնելու մասին:
«Վթարային շենքը լիկվիդացնելու հետ կապված հարցերը պլանավորվա՞ծ են: Ես գիտեմ օրինակներ, երբ վթարային շենքի դիմաց մարդիկ բնակարան են ստացել եւ ընտնիքի մի մասը մնացել է հին շենքում, մյուս մասը տեղափոխվել է նոր բնակարան: Խնդիրը մնացել է եւ մենք ամեն օր ահուդողով սպասում ենք, որ եթե մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու: Հիմա երաշխավորե՞լ եք, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին վթարային շենքերում ոչ մի մարդ չի մնալու: Ընդ որում, սա էս գլխից պետք է նախապատրաստել և ժամանակացույցով հստակ այդ շենքը հողին հավասարեցնել»,-ասաց Փաշինյանը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ երբ բոլորը դուրս գան, Ապարան համայնքը 2 ամսում շենքը կքանդի:
«Մինչեւ որոշումը ստորագրելը ինձ կտաք կոնկրետ ամսաթիվ, թե երբ են այդ շենքերը քանդված լինելու»,-ասաց Փաշինյանը։