Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են Տաթև Աղվանի ճանապարհի շինարարական աշխատանքները։
Մարզպետն էլ պատասխանեց՝ աշխատանքներ իրականացվում են, սակայն ցանկալի է ավելի մեծ տեմպ հաղորդել․ «Հատկապես փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով, մասնավորապես՝ Տաթևից հենց Քաշունի ընկած հատվածը ամենավատ վիճակում է, և ցանկալի կլիներ տեմպը արագացնել, որովհետև այդտեղ բավականին շատ մեքենաներ են վնասվում, բայց վերանորոգման աշխատանքները, իհարկե, իրականացվում են»։
Վարչապետը ասաց, որ այս ճանապարհի վերանորոգման մասով հանձնարականներ է տվել փոխվարչապետին՝ հավելելով, որ վերանորոգման տեմպերի դանդաղման հետ կապված օբյեկտիվ, բայց նաև սուբյեկտիվ պատճառներ կան, որոնց չցանկացավ անդրադառնալ։
Փաշինյանը հավելեց նաև, որ մեկնարկել են Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները։
Վարչապետը նաև Մեղրիի մանկապարտեզի շինարարության խնդրին անդրադարձավ․ «2018 թ․-ին խոստացել եմ Մեղրիիի մանկապարտեզի շինարարությունը, որ շահագորման կհանձնվի, դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը նաև միջոցներ է հատկացրել՝ որպես համաֆինանսավորող, բայց ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրելը, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում, ընդ որում՝ այստեղ պրոցեսներ կան, գործողություններ կան, որ պետք է անենք՝ պարզելու համար, թե ինչու ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել։ Ինձ լուսանկարներ են ուղարկել այնտեղից և, ըստ էության, խայտառակ պատկեր է»։