Անվտանգային համակարգը պետք է ձեւավորել խորքային, ոչ թե ձեւական բարեփոխումներով․ Նարեկ Ներսիսյան

Նախորդ տարեվերջին մեկնարկել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Այն շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինծառայության անցնել հինգ տարի ժամկետով, ստանալ բարձր աշխատավարձ, իսկ ատեստավորման եւ մարտական հերթապահության դեպքում՝ նաեւ հավելավճարներ, իսկ հինգ տարի անց՝ հինգ միլիոն դրամ պատվավճար։

Այս ամսվա սկզբին՝ հունիսի 5-ին, ՀՀ զինված ուժերում մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը: Ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողները «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներն են, որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը շարունակելու են իրենց ընտրած զորամասերում՝ սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով: 

Ատեստավորման գործընթացը, սակայն, տարբեր քննադատությունների առիթ է դարձել, հատկապես դրա համար նախատեսված քննությունների պատճառով։

Մասնավորապես, ատեստավորման համար զինծառայողները հանձնում են շարային պատրաստության ստուգարք, ֆիզիկական, կրակային եւ մասնագիտական պատրաստություն առարկաներից քննություններ։ Դրանց արդյունքների հանրագումարով էլ ստուգող հանձնաժողովը գնահատում է զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը: 

Անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանը որոշելու համար զինծառայողները նորմատիվներ են հանձնում 100մ վազք եւ 3կմ վազք վարժաձեւերից, եւ ձգումներ անում պտտաձողի վրա։ Կրակային պատրաստություն առարկայի քննության ժամանակ նրանց պատրաստության աստիճանը գնահատվում է տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ, իսկ թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ են հանձնում մասնագիտական գիտելիքների եւ ծառայողական պարտականությունների իմացությունից։

Ի դեպ, զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել քննական փուլը, հնարավորություն են ունենալու պատրաստվելու եւ կրկին ցուցադրելու իրենց կարողությունները։

Կադրային սպա, իրավաբան Նարեկ Ներսիսյանն այս գործընթացը քննադատողներից մեկն է։ Բայց ոչ այն պատճառով, թե դեմ է Զինված ուժերում բարեփոխումներին, այլ, ինչպես ինքն է նշում, բարեփոխումները չպիտի ունենան ձեւական բնույթ, ինչպիսին, նրա համոզմամբ այս պարագայում է։

Նա, իհարկե, նշում է ծրագրի դրական կողմերը՝ սոցիալական խնդիրների լուծում, ավելի բարձր աշխատավարձ, ծառայության ավարտին նախատեսվող շոշափելի գումար, բայց, ըստ նրա, բացասական կողմերն ավելի շատ են։

Եւ դրանցից մեկն այն է, որ նախ անհասկանալի է ռազմավարությունը։ Նա հարց է հնչեցնում՝ ատեստավորման այս գործընթացը մենք ի՞նչ ռազմավարության ներքո ենք տեսնում, ի՞նչ ենք ուզում ստանալ սրանից։ Եթե պրոֆեսիոնալ բանակ՝ պայմանագրային զինծառայողներով, ինչպես հայտարարում է կառավարող ուժը, ապա օրինակները քիչ չեն ժամկետային զինծառայողներով պրոֆեսիոնալ բանակների․

«Չկա ռեֆորմների հայեցակարգ, չկա ձեւակերպած, թե ինչ է նշանակում արհեստավարժ բանակ։ Եթե դա պայմանագրային բանակն է, ապա էդ դեպքում մենք ունենք ժամկետային բանակների օրինակներ, որոնք պակաս արհեստավարժ չեն, քան պայմանագրային բանակները, օրինակ Իսրայելի բանակը։ Ո՞վ ասաց, որ Իսրայելի բանակը, ժամկետային լինելով, ավելի քիչ արհեստավարժ է»,- հարց է հնչեցնում Ներսիսյանը՝ նշելով, որ պայմանագրային զինծառայողների ստորաբաժանումներ, իհարկե, կարելի է ունենալ, ինչպես հատուկ գործողությունների ստորաբաժանում, թիկունքային ծառայության, կապի, բայց դա չի նշանակում, որ ողջ բանակը պետք է դարձնել պայմանագրային։

Ներսիսյանի պատկերացմամբ՝ մեր բանակում պետք է լինեն եւ պայմանագրայիններ, եւ ժամկետայիններ, ընդ որում՝ ժամկետային ծառայության տրամաբանությունը պիտի ամբողջովին փոխված լինի, պիտի 18-20տ․ երիտասարդները դիրքեր չբարձրանան, չկտրվեն իրենց կրթական գործընթացից, ավելի պաշտպանված լինեն։ Իսկ հիմնական ծանրաբեռնվածությունը, նրա խոսքով, պիտի ընկնի ավելի շատ պասիվ ռեզերվի վրա։

ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրում նշված է, որ «ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, ժամկետային եւ զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: [․․․] առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի»:

Ինչ վերաբերում է այն քննություններին, որոնք պետք է հանձնել ատեստացիայի գործընթացում, մեր զրուցակիցը նկատում է, որ բացարձակ անարդյունավետ է քննություն հանձնել այն իրավական ակտերի վերաբերյալ, որոնք ընդունված օրվանից չեն վերանայվել․

«Ներքին ծառայության կանոնագիրքը, Կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը, Կարգապահական կանոնագիրքը, շարային կանոնադրությունը գրեթե փոփոխության չեն ենթարկվել ընդունման պահից, եւ սրանց վերաբերյալ քննություններ են հանձնելու։ Սրանք արդեն հին են, չեն համապատասխանում ժամանակակից ոչ մի նորմայի»։ 

Ներսիսյանը նշում է, որ ՀՀ ՊՆ-ն ունի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որը կարող է զբաղվել այդ իրավական ակտերի վերախմբագրմամբ, ռազմավարության մշակմամբ, մնում է միայն, որ ՊՆ-ն ՊԱՀՀ-ին պատվիրակի անել այդ աշխատանքները, մշակել մեթադաբանություն եւ հրամցնել Նախարարությանը, որն էլ իր հերթին Գլխավոր շտաբին։

Իսկ շարայինի փոխարեն, ըստ Ներսիսյանի, կարելի է անցկացնել ավելի խորացված մարտավարական պարապմունքներ։ Շարայինի կողմնակիցներն, ինչպես նկատում է նա, հիմնականում ասում են, որ այն բարձրացնում է զորքերի կարգապահությունը, ներդաշնակեցնում է, բայց, նրա համոզմամբ, նույնը կարելի է անել մարտավարական պարապմունքների ժամանակ․

«Գծային մարտավարությունն ընդունված էր պրուսական ժամանակներում, հետո խորհրդային ժամանակաշրջանում ընդունված էր շարայինը, ու դա մնաց, հասավ մեր օրեր, բայց ոչ թե զորքը ներդաշնակեցնելու կամ ընկերասիրությունը բարձրացնելու համար, այլ որպես պատժի միջոց․ սխալ ես արել, շարային ես անում, չես ենթարկվել, շարային ես անում։ Առանց ստորադասելու՝ շարայինը կարելի է փոխարինել ավելի արդյունավետ մարզումներով, պարտադիր չէ բոլորն այնպես քայլել իմանան, ինչպես պատվո պահակախումբը։ Այստեղ էլ հարց է առաջանում՝ էդ ատեստավորված զինվորը ինչո՞վ է արհեստավարժ շարային հանձնելով»,- ասում է Ներսիսյանը՝ նշելով, որ այս ստուգարքը ամբողջությամբ ձեւական է։

Ներսիսյանը նմանատիպ տեսակետ ունի նաեւ կրակայինի քննության վերաբերյալ։ Մասնավորապես, ինչպես նշում է մեր զրուցակիցը, եթե քննությունը հանձնում են հին մեթոդիկայով, ապա արդյունավետության վերաբերյալ դարձյալ հարցեր են առաջանում, որովհետեւ այսօր փոխվել են անգամ ինքնաձիգների հարմարանքները, եւ այն, ինչ մինչ օրս սովորեցնում էին բանակում, այսօր այլեւս այդքան էլ արդիական չէ։

Ներսիսյանն այն համոզմունքն ունի, որ արհեստավարժ բանակ ունենալու համար ՊՆ-ն պետք է ինստրուկտորների եւ սերժանտական նոր համակարգ ներդնի։ Բացի դրանից՝ պաշտպանությանը ներգրավի ողջ հանրությանը՝ հասարակական կազմակերպություններին, բիզնեսին, կրոնական կազմակերպություններին, եւ այլն։ Ինստրուկտորները պետք է պատրաստեն զինվորներին՝ ողջ պրոցեսը չթողնելով սպայական կազմի ուսերին։ Իսկ ՀԿ-ները հիմնականում պիտի կրթական պրոցեսում ներգրավվեն, բիզնեսը՝ թիկունքային ապահովման համար, եւ այդպես շարունակ։ Բայց այս ամենի իրագործման համար հստակ ռազմավարություն է պետք։

«Հայաստանը պիտի վեր հանի իր ուժեղ եւ թույլ կողմերը, ըստ այդմ մշակի ռազմավարություն, ձեւավորի համապարփակ անվտանգության համակարգ, որում ներգրավված կլինի ողջ բնակչությունը, եւ բոլորը կգիտակցեն, թե Հայաստանն ինչ պայմաններում է ապրելու․ նույնիսկ եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, Հայաստանը պետք է ուժեղ լինի, անկախ նրանից՝ հարեւանը պոտենցիալ է սպառնում, թե անմիջապես»,- շեշտում է մեր զրուցակիցը։

Ռազմավարությունից զատ՝ Ներսիսյանը կարեւորում է արժեքային համակարգի փոփոխության անհրաժեշտությունը։ Պիտի զինվորական համազգեստը այն հագնողի համար պատիվ լինի, եւ մնացյալը նույն կերպ պատվի պիտի առնեն համազգեստավորին, պետք է հանրության վերաբերմունքը ամենայն հարգանքով լինի բանակի հանդեպ, այլ խոսքով՝ Զինված ուժերը պետք է լինեն մարդակենտրոն։

Պատերազմի ձեւերը փոխվել են․ Ներսիսյանը նկատում է՝ պատերազմներն այսօր հիբրիդային բնույթ ունեն, եւ պարտադիր չէ, որ տեսնես հարձակվող զորքի։ Պատերազմը կարող է լինել տեղեկատվական, կարող է լինել դանդաղ առաջխաղացման սողացող պատերազմի ձեւով, ինչպես հիմա անում է Ադրբեջանը, կարող է լինել ցիկլային, որը մենք տեսել ենք վերջին տասնամյակներում։ Եւ հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ պետք է ձեւավորել մեր անվտանգային համակարգը՝ ոչ թե ձեւական բարեփոխումներով, այլ խորքային, մինչեւ վերջ քննված ու մտածված եւ ամենակարեւորը՝ գիտահեն։

Հայարփի Բաղդասարյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով