Այս օրենքն ընդունելով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը հեռացրեց եվրաինտեգրման ուղուց․ Միլլեր |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի խորհրդարանը քվեարկել է հակաժողովրդավարական արտաքին ազդեցության մասին օրինագծի նկատմամբ նախագահի կիրառած վետոն չեղարկելու մասին, մի օրինագիծ, որը չի համապատասխանում եվրոպական նորմերին: Միացյալ Նահանգները դատապարտում է այդ գործողությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Այս օրենքն ընդունելով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը հեռացրեց եվրաինտեգրման ուղուց և անտեսեց վրացի ժողովրդի եվրատլանտյան ձգտումները, իսկ ժողովուրդը շաբաթներ շարունակ փողոց էր դուրս եկել՝ այս օրենքի դեմ արտահայտվելու։

«Վրացական երազանքը» արհամարհել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի իրավական գնահատականը և Վրաստանի ամենամոտ գործընկերների գնահատականները, որոնք հստակ արտահայտել են իրենց մտահոգությունները, որ օրենքը կխաթարի քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների գործունեությունը և կսահմանափակի հիմնարար ազատությունները:

Իշխող կուսակցությունների գործողությունները և հակաարևմտյան հռետորաբանությունը սպառնում են Վրաստանի՝ ժողովրդավարական​​հետագծին, ապագա տնտեսական անվտանգությանը, ԵՄ-ին անդամակցությանը, ինչպես նաև վտանգի տակ են դնում ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները:

Նախորդ շաբաթ պետքարտուղար Բլինքենը հայտարարեց, որ ցանկացած ոք, ով խաթարում է Վրաստանում ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, ինչպես նաև նրանց ընտանիքների մերձավոր անդամները, կարող են հայտարարվել ԱՄՆ վիզաներ ստանալու իրավունք չունեցող անձինք՝ ԱՄՆ այցելություններն արգելող՝ վերջերս հայտարարված քաղաքականության համաձայն:

Միացյալ Նահանգները նաև սկսել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համակողմանի վերանայումը: Ինչպես անցյալ շաբաթ ասել է պետքարտուղար Բլինքենը, մենք հաշվի կառնենք «Վրացական երազանքի» գործողությունները սեփական որոշումները կայացնելիս:

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել վրացի ժողովրդին՝ ժողովրդավարական և արևմտյան ապագայի իր ձգտման մեջ։ Ցավոք, Վրաստանի ղեկավարները նախընտրում են հրաժարվել այն քայլերից, որոնք անհրաժեշտ են Վրաստանն արևմտյան ուղղությամբ առաջ տանելու համար, ինչը ցանկանում է իրենց ժողովուրդը»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայներով շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն:

Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը։ Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի Վրաստանի նախագահը: Եթե նա հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։ Օրենքի գործողությունը կասեցնելու համար ընդդիմությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով