«Այլևս որևէ պետական հիմնարկում չտեսնեմ, որ մեկը լոբի ա տվել, մեկը բրինձ ա տվել»․ Փաշինյանն արգելեց բարեգործությունը պետական հիմնարկներում

Ես կարծում եմ՝ պետք է դադարեցնել պրակտիկան, երբ պետական ձեռնարկությունները դառնում են մեր պատկերացրած ավանդական բարեգործության օբյեկտ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ասենք 4 հատ աթոռ, հեռուստացույց, թեկուզ 22 հատ աթոռ։ Ի վերջո՝ ՀՀ-ն իր վիճակի է, և աթոռ գնել, և հեռուստացույց գնել, բայց մյուս կողմից կան ընկերություններ կամ մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել բարեգործության մեջ, պետք է հետևյալ բովանդակային փոփոխությունն անենք։ Բոլոր բարեգործական ծրագրերը պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարությունների շրջանակում»,- նշեց նա։

Որպես օրինակ Փաշինյանը ասաց, որ որոշել են կրթահամալիր կառուցել, և դրա գույքը պետք է լինի կառավարության սահմանած չաանիշների համապատասխան․ «Կարծում եմ՝ հնարավորություն կա, որ մենք հատուկ հաշվեահամար բացենք, նրանք, ովքեր ուզում են բարեգործություն անել, թող հասցեական նշեն, որ այ էս հաստատության համար մենք գումար ենք տալիս, և խնդրում ենք դա օգտագործել գույքի ձեռքբերման համար»։

Փաշինյանն ընդգծեց, որ արգելում է պետական, կառավարության ֆինանսավորմամբ որևէ հիմնարկությունում որևէ բարեգործության․ «Էդ «բրինձ, լոբի» տրամաբանությունը դադարեցնել ընդհանրապես։ Ով ուզում է անել բարեգործություն, մասնակցել կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը, թող դիմի նախարարություն, նախարարությունը կասի՝ որտեղ կարող են ֆինանսները, փողը․․․ Որովհետև էդ էլ կա, կան հատուկ բարեգործական աթոռներ, որ հենց ռեպորտաժը պրծնում է, նստում ես, կոտրվում են»։

Վարչապետի խոսքով՝ այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որոնք այս հանձնարարականից դուրս կգան, շատ խիստ և անհետաձգելի միջոցներ կձեռնարկվեն։

«Դադարեցնում ենք լոբի, բրինձ տրամաբանությունը, այլևս երբեք որևէ պետական հիմնարկում ես չտեսնեմ, որ մեկը լոբի ա տվել, մեկը բրինձ ա տվել, մեկը գնացել է Դա Վինչիի օրիգինալ նկարը բերել, կախել է ուսուցչանոցում»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով