amerikayidzayn.com: Վաշինգտոնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ԱՄՆ-ի միջնոդությամբ հանդիպել է նաև ադրբեջանական կողմի հետ: Գրիգորյանն անդրադարձել է հանդիպմանն ու այլ հացերին: Զրույցը կայացել է սեպտեմբերի 28-ի սահմանային վերջին բախումներից առաջ։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումը գնահատում է «արդյունավետ»:
Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:
«Այս ուղղություններով հստակություն ենք փորձել մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում, և այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս թեմաների շուրջ է եղել կոնկրետությունը, թե ինչպես ենք առաջ շարժվում»:
Գրիգորյանը հիշեցնում է, որ բացի իրենց հանդիպումների ձևաչափից, հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում այլ ձևաչափերով ևս՝ արտգործնախարարների, փոխվարչապետերի ու ազգային անվտանգության ծառայության պետերի մակարդակով: Այս ամենի հետ մեկտեղ, ըստ Գրիգորյանի, առկա են նաև երկրի ղեկավարների հանդիպումները, որոնք կապված են այլ ձևաչափերում արձանագրված առաջընթացի հետ:
Նա մատնանշում է երկու հիմնական գործոններ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական վերջին բախումների ժամանակ: Ըստ նրա՝ դրանք են հայկական բանակի պատասխան գործողություններն ու ամերիկյան կողմի ներգրավվածությունը:
«Պետքարտուղար Բլինքենի անձանբ ներգրավվումը, ով մի քանի զանգ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև այլ մակարդակներում ԱՄՆ ինտենսիվ ներգրավվածությունը փորձել է կանգնեցնել էսկալացիան: Այս առումով այս երկու գործոններն են կարևոր դեր խաղացել՝ այսինքն հայկական բանակի պատասխանը և ամերիկյան կողմի ներգրավվածությունը»,- ասում է Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ:
Առավել մանրամասն՝ amerikayidzayn.com-ում