azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «լենդ-լիզի» մասին օրենքը, որը դյուրացնում է Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային զենք, զինամթերք, տեխնիկա և ռազմական նշանակության այլ օգնություն տրամադրելու գործընթացը:
«Լենդ-լիզի» տարբերակով Վաշինգտոնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպառազինություն էր տրամադրում Խորհրդային Միությանը և հակահիտլերյան դաշինքի այլ երկրներին:
Փաստաթուղթը Կոնգրես է ներկայացվել դեռևս Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ ՝ այս տարվա հունվարին, և անցած օրերին հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի նախ՝ Սենատի, ապա՝ Ներկայացուցիչների պալատի կողմից։
Համաձայն օրինագծի՝ Միացյալ Նահանգների նախագահը «կարող է լիազորել կառավարությանը պաշտպանական միջոցներ տրամադրել կամ վարձակալության հանձնել Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով տուժած Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի երկրներին՝ պաշտպանությունն ամրապնդելու, խաղաղ բնակչությանը հնարավոր հարձակումից պաշտպանելու նպատակով»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Բայդենին օգնության ծրագիրը վերականգնելու համար։ «Շնորհակալ եմ Միացյալ Նահանգների նախագահին և ամերիկացի ժողովրդին՝ հանուն ազատության և ապագայի պայքարում Ուկրաինային աջակցելու համար», – թվիթերյան իր էջում գրել է Զելենսկին՝ համոզմունք հայտնելով, որ միասին կհաղթեն, կպաշտպանեն ժողովրդավարությունը Ուկրաինայում և Եվրոպայում, «ինչպես 77 տարի առաջ»:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ջո Բայդենը Կիևին 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության երեք փաթեթ է տրամադրել։ Ապրիլի 28-ին ԱՄՆ նախագահը Կոնգրեսից ևս 33 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինային օգնելու համար։