ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասիա կատարած իր այցի ժամանակ Սեուլում (Հարավային Կորեա) ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ, որոնք վերջին հինգ տարում առաջինն են, գրում է Reuters-ը։
Լրագրողների այն հարցին, թե ինչ ունի նա փոխանցելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, Բայդենն ասել է․ «Բարև։ Վերջակետ»։
Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային նոր փորձարկումներ իրականացնել։
«Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ անում է Հյուսիսային Կորեան», – ասել է ԱՄՆ նախագահը։
Նախօրեին Բայդենն ու նրա հարավկորեացի գործընկեր Յուն Սոկ Յոլը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ դիտարկելու ավելի մասշտաբային զորավարժությունների անցկացման հարցն՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի փորձարկումների։
Իր այցի շրջանակում Բայդենը կհանդիպի նաև «Անվտանգության քառակողմ երկխոսություն» (Quad) կառույցի անդամ Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ։
Նորա Վանյան