factor.am: ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը X-ում գրառմամբ նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն ավելի ապահով և ուժեղ կդարձնի։
«Մենք ողջունում ենք Թուրքիայի խորհրդարանի քվեարկությունը, որը հաստատում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու դիմումը։ Սա կարևոր առաջնահերթություն է եղել նախագահ Ջո Բայդենի համար։ Շվեդիան ուժեղ և կարող պաշտպանական գործընկեր է, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ն և դաշինքն ավելի անվտանգ և ուժեղ կդարձնի»,- գրել է Սալիվանը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը։ «Թուրքիայի խորհրդարանի այսօրվա որոշումը՝ վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կարևոր և ճիշտ է։ Սա ամրապնդում է մեր միությունը: Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան շատ շուտով կկարողանա պաշտոնապես միանալ դաշինքին»,- X-ում գրել է Շոլցը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը։ Քվեարկության արդյունքում առաջարկն ընդունվել է որպես օրենք՝ քվեարկությանը մասնակցած 346 պատգամավորներից 287-ի կողմ ձայնով։ Դեմ է քվեարկել 55, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։