hetq.am: ԱՄՆ երկնքում չինական օդապարիկի խոցման պատահարից մեկ շաբաթ անց, այդ երկրի զինված ուժերը խոցել են թռչող օբյեկտ։ BBC-ի փոխանցմամբ՝ այս անգամ խոսքը փոքր մեքենայի չափեր ունեցող անհայտ օբյեկտի մասին է, որը թռչում էր Ալյասկայի վրայով։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ենթադրություններ չի արել դրա հնարավոր գործառույթների վերաբերյալ՝ միայն նշելով, որ օբյեկտը խոցվել է, որովհետև սպառնալիք էր հանդիսանում քաղաքացիական ավիացիայի համար։
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ իշխանություններն այս պահին որևէ կոնկրետ բան չեն կարող ասել օբյեկտի ծագման և ֆիզիկական տվյալների վերաբերյալ, սակայն այն էապես ավելի փոքր է եղել, քան ԱՄՆ զինված ուժերի կողմից վերջերս խոցված օդապարիկը, որը երկրի իշխանությունները համարում են Չինաստանի լրտեսական ծրագրի մաս։
Նշվում է, որ չինական օդապարիկը, որն անցած շաբաթ օրը խոցվել էր Հարավային Կարոլինայի ափերի մոտ, ունեցել է 60 մետր բարձրություն։
Ներկայիս օբյեկտը, որի մնացորդները մասնագետները կհանեն Ալյասկայի ափամերձ սառույցներից, հետախուզական ծառայությունների կողմից առաջին անգամ նկատվել էր հինգշաբթի օրը՝ Ալյասկայի հյուսիս-արևելքում՝ Կանադայի սահմանից ոչ շատ հեռու։
Շարունակությունը՝ hetq.am-ում