factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին։ Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Սեդերֆելտը հետաքրքրվել է խաղաղության օրակարգով՝ նշելով, որ ԶԼՄ-ներում դրական հայտարարություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Ալիևն իր հերթին ասել է, թե, իբր, Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի կնքումը։ Նա նշել է Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի տեքստի վերջին քննարկումները երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, ինչպես նաև Բրյուսելում Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպումները ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, և ընդգծել, որ առաջիկայում հանդիպումներ կանցկացվեն միջազգային տարբեր միջոցառումների շրջանակում։
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանն աջակցում է Բաքվի կողմից ներկայացված 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հատկապես՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տրանսպորտային ու հաղորդակցման գծերի բացման հարցեր։