Եռակողմ հանդիպումից հետո տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, թե հավանաբար, «ժամանակ է պետք հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի անցակետեր ստեղծելու առաջարկը քննարկելու համար»։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Azertag»-ը։
«Բայց մեր նախնական տպավորությունն այն է, որ մեր այս առաջարկը տրամաբանական է համարվում թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում։ Սա, անշուշտ, կարեւոր գործոն է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում։ Որովհետև եթե խոսքը սահմանի սահմանազատման մասին է, ապա առանց անցակետերի դա անհնար է։ Եթե խոսում ենք հաղորդակցությունների բացման մասին, ապա, իհարկե, պետք է անցակետեր ստեղծվեն «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։